«Վերադարձանք Հայաստան, Գերան պետք է տար իր պարտքը հայրենիքին»․ պատմում է հայրենիքի համար զոհված երիտասարդի քույրը

Գերան ծնվել և մեծացել է Մոսկվայում: Մենք միասին հաճախել ենք Մոսկվայի Դմիտրովսկու անվան դպրոցը: Դպրոցում սովորել է 9 տարի, ապա ընդունվել ձեռներեցության քոլեջ՝ բանկային, ֆինանսական ոլորտ: Նա ընդհանրապես չէր սիրում սովորել, շատ ծույլ էր, բայց շատ ընդունակ էր ու խելացի: Նա միշտ ասում էր, որ պետք չէ լավ սովորել հաջողակ մարդ լինելու համար, որ ինքը կդառնա գործարար»․ ցավոք, Գերասիմ Մանուկյանը չհասցրեց գործարար դառնալ։

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհված 19-ամյա Գերասիմ Մանուկյանի քույրը՝ Սեդա Մանուկյանը, Իրավաբան.net-ի հետ զրույցում պատմում է, որ եղբայրը խենթանում էր սպորտի համար, սպորտն առաջնային էր։

«Առավոտից երեկո խաղադաշտում նա ֆուտբոլ էր խաղում: Ուներ շատ մեդալներ ու մրցանակներ, իսկական մարզիկ էր: Նրան պետք է ընդգրկեին երիտասարդական հավաքական, բայց փաստաթղթային խնդիրների պատճառով այն չստացվեց։ Հետո նա զբաղվեց MMA գոտեմարտով, նույնպես հիանալի հանդես եկավ: Մարզումներին գնում էր մեծ սիրով ու ժպիտը դեմքին: Նա կարող էր բաց թողնել տոնական միջոցառումները, բայց մարզումները բաց թողնել երբե՛ք:

Քոլեջում թեզը պաշտպանելուց և բոլոր քննությունները հանձնելուց անմիջապես հետո մենք վերադարձանք Հայաստան (հուլիսի 24)։ Գերան պետք է տար իր պարտքը հայրենիքին: Նա բանակ գնաց օգոստոսի 31-ին: Մենք հնարավորություն ունեինք ծառայությունը հետաձգել մինչ հաջորդ զորակոչ: Հարցրինք, թե ուզում է, նա ասաց՝ ոչ: Ասաց, որ իմաստ չունի, կգնա, արագ կծառայի ու կվերադառնա: Նա շատ ծրագրեր ուներ:

Ծառայությունից հետո ուզում էր վերադառնալ Մոսկվա։ Իր մանկության բոլոր ընկերներն այնտեղ էին: Երբ հարցնում էին, թե ուզում է բանակ գնալ, պատասխանում էր՝ 2 տարին այնքան շատ է, լավ կլիներ, եթե ընդամենը մեկ տարի լիներ: Գերան այնքան միամիտ ու անմեղ էր, ասում էր այն, ինչ մտածում էր։ Նա բարձրաձայնում էր յուրաքանչյուր միտք՝ նույնիսկ առանց մտածելու, որ կարող է ինչ-որ մեկին վիրավորել: Բայց մենք ճանաչում էինք նրան, ոչ ոք չէր նեղանում, բոլորս ծիծաղում էինք նրա «հայտարարությունների» վրա»:

Սեդան պատմում է, որ մանկության տարիներին շատ են վիճել եղբոր հետ։ Ուր էլ լինեին, ում էլ այցելեին՝ վեճն անպակաս է եղել։

«Հիշում եմ այն ​​դեպքը, երբ նա հարվածեց ինձ։ Ես լաց եղա։ Նա արագ վազեց, նստեց իմ վերևում և անհանգիստ ու նուրբ դեմքով ասաց.

-Սե՛դ, սու՛ս, խնդրում եմ, մաման հիմա կգա:

Ամենասարսափելի բանն էր, երբ մայրիկը գալիս էր մեր վեճերի ժամանակ: Մայրիկի հեռանալուց հետո դուռը փակվում էր, և սկսվում էր երկրորդ փուլը: Նա յուրահատուկ երեխա էր: Ես սա չեմ ասում նրա համար, որ նա իմ եղբայրն է. դա իսկապես այդպես է: Նրան սիրում էին բոլորը, ովքեր ճանաչում էին: Բոլորը հիշում են նրան որպես ժպտերես ու զվարթ Գերկա: Նա անսովոր գեղեցիկ ժպիտ ուներր՝ բոլորն են փաստում։ Շատ պայծառ ու անհոգ երեխա էր:

Ընկերոջ հետ վերջին զրույցում ասաց՝ «գաղափար չունեք, դա նման է ինչ-որ ֆիլմի: Մեկ ամսվա ընթացքում ես կարծես հասունացել էի 10 տարով: Արժեքները փոխվել են»: Նա իսկապես շատ հասունացավ, իսկական հերոս դարձավ: Ես հպարտ եմ նրանով, հպարտ եմ, որ այդպիսի եղբայր ունեմ, հպարտ եմ նրա հետ անցկացրած յուրաքանչյուր րոպեով: Նա տարբերվում էր բոլորից, ուներ մեծ սիրտ ու մաքուր հոգի: Նա կմնա յուրաքանչյուրի հիշողության մեջ, ում երբևէ հանդիպել է: Այս բոլոր պահերը իմ մեջ միշտ կապրեն։ Ես գիտեմ՝ դու կարոտում ես, մենք՝ ավելի շատ: Դու իմ միակն ես, իմ Հերոսը, իմ եղբայրը»,-պատմեց Սեդա Մանուկյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել