Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Արսեն Չիչյանի, Էդգար Հախվերդյանի, Կարեն Խաչիկյանի դեմ հարուցված քրեական գործը:
Արսեն Չիչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր վերաբերյալ Ախթալա համայնքի ղեկավար Հայկազ Խաչիկյանի և նրա եղբայրների կողմից անվանարկող տեղեկություններ տարածելու համար 2012 թվականի օգոստոսի 30-ին բարեկամի՝ էդգար Հախվերդյանի հետ նախնական համաձայնությամբ իրենց անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով գնացել են Ախթալա քաղաքի Ապանդարյան փողոցի X շենքի բակը, որտեղ խմբով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հարակից շենքերի բնակչության նկատմամբ, միաժամանակ Հայկազ Խաչիկյանին գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ` տևական ժամանակ Խաչիկյանների հասցեին բարձրաձայն տվել են սեռական բնույթի հայհոյանքներ և ոտքերով հարվածել շենքի բակում կայանված, Հայկազ Խաչիկյանի ծառայողական «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև էդգար Հախվերդյանը բարձրացել է նույն ավտոմեքենայի տանիքին և ցատկոտել դրա վրա, իսկ Արսեն Չիչյանը քննությամբ չպարզված առարկայով հարվածել է ավտոմեքենայի դիմապակուն ու վնասել՝ պատճառելով ընդհանուր 483.000 ՀՀ դրամ արժողության գույքային վնաս, որից հետո Արսեն Չիչյանը քարեր Է նետել վերոհիշյալ շենքի ուղղությամբ։
Այնուհետև Արսեն Չիչյանը և Էդգար Հախվերդյանը, շարունակելով իրենց խուլիգանական գործողություններն ու անտեսելով Հայկազ Խաչիկյանի եղբոր՝ Կարեն Խաչիկյանի կամքը, կոտրել են վերջինիս պատկանող, նույն շենքի X-րդ բնակարանի մուտքի դուռը և նրա գույքին վնաս պատճառելու դիտավորությամբ ապօրինի մուտք գործել բնակարան, դիտավորյալ վնասել ու ոչնչացրել բնակարանի մեջ եղած, 1.131.500 ՀՀ դրամ ընդհանուր արժողության խորդանոցի դուռը, լուսամուտի ապակե փաթեթը, լրագրասեղանը, սպասքապահարանը, ջահը, հյուրասենյակի հատակի սալիկները, վարագույրը, բազմոցը, երեք հատ բջջային հեռախոսները, գորգը և տարբեր տեսակի սպասքեղեն ու այլ ապրանքներ՝ այդ ընթացքում բարձրաձայն շարունակելով Խաչիկյանների հասցեին տալ սեռական բնույթի հայհոյանքներ։
Բացի վերոգրյալները, Արսեն Չիչյանն ապօրինի կերպով ձեռք է բերել և իր՝ Ախթալա քաղաքի Աբովյան 22/6 բնակարանի ննջասենյակի պահարանի մեջ պահել գործարանային արտադրության երկու հատ 7.62 մմ տրամաչափի ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, որոնք հայտնաբերվել և առգրավվել են 2012 թվականի օգոստոսի 31-ին՝ խուզարկության ժամանակ։
Կարեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արսեն Չիչյանի և նրա բարեկամ Էդգար Հախվերդյանի կողմից իր տան գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար վրեժխնդիր լինելու նպատակով իր հորեղբոր որդու՝ Վաչագան Խաչիկյանի հետ 2012 թվականի օգոստոսի 30-ին` ժամը 19-ի սահմաններում, գնացել են Արսեն Չիչյանի հոր՝ Բենիկ Չիչյանին պատկանող, Ախթալա քաղաքի Աբովյան փողոցի X-րդ շենքի բակ, որից հետո Կարեն Խաչիկյանը, անտեսելով Բենիկ Չիչյանի կամքը՝ ապօրինի մուտք է գործել X-րդ բնակարան և գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, նախապես իր հետ վերցրած ռետինե մահակով, ջարդել Բենիկ Չիչյանի տան գույքը՝ պատճառելով գգալի չափերով՝ 99.900 ՀՀ դրամ գույքային վնաս։
Բացի այդ, Կարեն Խաչիկյանը միաժամանակ ռետինե մահակով, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, հարվածել է բնակարանում գտնվող Բենիկ Չիչյանի կնոջ՝ Նունե Խաչիկյանի մարմնի տարբեր մասերին, ծեծի ենթարկել նրան և առողջությանը պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։
Գործով մեղադրյալներ Արսեն Չիչյանի և Էդգար Հախվերդյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ Կարեն Խաչիկյանի նկատմամբ` ստորագրություն չհեռանալու մասին:
Տեղեկացնենք, որ Կարեն Խաչիկյանը և Հայկազ Խաչիկյանը Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի եղբայրներն են:
Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Լոռու մարզի դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net