Վլադիմիր Պուտինը ցավակցել է Էմանուել Մակրոնին․ «Առանձնակի վրդովմունք է առաջացնում ցինիկ և դաժան հանցագործությունը»

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումների ողբերգական հետևանքների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ֆրանսիայի նախագահին հղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է․

«Առանձնակի վրդովմունք է առաջացնում ցինիկ և դաժան հանցագործությունը, որն իրագործվել է եկեղեցու ներսում: Մենք հերթական անգամ համոզվեցինք, որ մարդկային բարոյականությունը բացարձակ խորթ է ահաբեկիչների համար: Ակնհայտ է, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է միջազգային հանրության ջանքերի իրական միավորում»:

Վլադիմիր Պուտինը հաստատել է ֆրանսիացի և այլ արտասահմանյան գործընկերների հետ ռուսական կողմի սերտ համագործակցության պատրաստակամությունը հակաահաբեկչական գործունեության բոլոր ուղղություններում:

ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ ռուսաստանցիները կիսում են Ֆրանսիայի  ժողովրդի զայրույթն ու վիշտը: Վլադիմիր Պուտինը ցավակցել է զոհերի հարազատներին և մտերիմներին:

Հավելենք, որ այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Ֆրանսիայի Նիցցա քաղաքի կենտրոնում՝ Նոտր Դամի մոտակայքում, դանակով զինված մարդը հարձակվել է այնտեղ գտնվողների վրա, երեք զոհ կա, որոնցից մեկին գլխատել են և վիրավորներ։ Հարձակումը որակվել է որպես ահաբեկչություն: Հանցագործը ձերբակալվել է: Հարձակում գործածը ևս վիրավոր է:

Իսկ Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում տղամարդը փորձել է դանակահարել ոստիկաններին: Նախնական տվյալներով՝ հարձակում գործած անձը սպանված է: Այլ մանրամասներ հայտնի չեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել