Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմում է ժողովրդին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ուղերձով դիմում է ժողովրդին։

«Արդեն 18 օր շարունակվում է Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած ահաբեկչական պատերազմը Արցախի դեմ։ Մինչ ռազմաճակատում ստեղծված իրադրությանն անդրադառնալը, հարկ եմ համարում ընդգծել, որ այսօր մեզ համար չափազանց կարևոր է հասկանալ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, բայց սրա համար էլ նախ պետք է հասկանանք այս պատերազմի ծագման պատճառներն ու պայմանները։

Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ, ըստ էության, հայ ժողովրդի, Ղարաբաղի հայության առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ։ Այդ պահանջի էությունը հետևյալն էր՝ անհապաղ Ադրբեջանին հանձնել յոթ տարածքներից հինգը, ներկայացնել մնացյալ երկու տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց և արձանագրել, որ ԼՂ որևէ կարգավիճակ պետք է լինի Ադրբեջանի կազմում։

Ընդ որում, Լեռնային կարգավիճակի ճշգրտումը որևէ պատճառահետևանքային կապի մեջ չպիտի լիներ տարածքների հանձնման պրոցեսի հետ։ Այսինքն, տարածքներ պիտի հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց, հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը։ Մեր կառավարությունը, որ բանակցային այս բազան ստացել էր որպես ժառանգություն կամ, ավելի ճիշտ, բանակցային եզրափակիչ հանգրվան, ըստ էության հրաժարվեց հարցի՝ նման ձևով քննարկումից, որովհետև դա անընդունելի էր։

Այս պայմաններում, երբ մենք փորձում էինք հստակ արձանագրել, որ առանց Արցախի կարգավիճակի որոշակիության հարցի կարգավորումը հնարավոր չէ, Ադրբեջանը մերժում էր կարգավիճակի շուրջ որևէ լուրջ քննարկում՝ ըստ էության ասելով, որ միակ կարգավիճակը, որ կարող է ունենալ Արցախը, ինքնավար որևէ բան է Ադրբեջանի կազմում։ Եվ, ըստ էության, դրվում էր կառուցակարգերի հիմք, որով Ղարաբաղը պիտի ընդհանրապես հայաթափվեր։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանը զարգացնում էր ռազմական հռետորաբանությունը և հայատյաց քարոզը։ Վերջին երկուսուկես տարվա ընթացքում մենք բարեփոխումներ և վերազինումներ իրականացրինք մեր բանակում՝ փորձելով իրական պայմաններ ստեղծել «Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում» կանխադրույթի համար։

2020 թվականի հուլիսին տեղի ունեցած Տավուշյան հաղթական մարտերը ապացուցեց շատերի համար անսպասելին․ ադրբեջանական բանակն ի վիճակի չէ ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը։ Այս արձանագրումը ցնցող նշանակություն ունեցավ ոչ միայն Ադրբեջանի, այլև բազմաթիվ այլ երկրների և առաջին հերթին Թուրքիայի համար։

Հուլիսյան մարտերից անմիջապես հետո սկսվեցին թուրք-ադրբեջանական աննախադեպ ծավալի զորավարժություններ։ Մեծաթիվ թուրքական զորախումբ և ռազմական տեխնիկա տեղափոխվեց Ադրբեջան։ Զորավարժությունների ընթացքում նրանք կրկին համոզվեցին, որ Ադրբեջանի բանակը մոտ ապագայում ի վիճակի չէ կոնկրետ խնդիրներ լուծել, և Թուրքիան որոշեց, որ այլևս ինքը պետք է զբաղվի Ղարաբաղի հարցի լուծմամբ։

Տեղի ունեցավ աննախադեպ մի բան․ Թուրքիան բացահայտ և հրապարակայոներոն սկսեց սպառնալ Հայաստանին՝ զուգահեռ մեծ թվով ահաբեկիչների և վարձականների Սիրիայից տեղափոխելով Ղարաբաղյան հակամարտության գոտի՝ հասկանալով, որ միայն Ադրբեջանի բանակի ուժերը բավարար չեն լինելու իրենց խնդիրը լուծելու համար։ Այս իրավիճակում մենք փորձեցինք գործի դնել ռազմավարական զսպման մեխանիզմները՝ այն պարզ հաշվարկով, որ եթե Թուրքիան հարավային Կովկասում հասնի իր նպատակներին, դա անխուսափելիորեն հանգեցնելու է իրադարձությունների շղթայական ռեակցիայի, և, հետևաբար, տարածաշրջանային և արտատարածաշրջանային այն երկրները, որոնք անխուսափելիորեն դառնալու են այդ ապակայունացման օբյեկտ, պետք է ռազմավարական զսպման գործողություններ ձեռնարկեն։

Այս փուլում, սակայն, արձանագրվեց մի տարօրինակ հանգամանք․ ռազմավարական զսպման հնարավորություն ունեցող մի շարք երկրներ պատշաճ չգնահատեցին վտանգը՝ հարցը շարունակելով դիտել միայն Ղարաբաղի հակամարտության համատեքստում և, ըստ էության, համարելով, որ տարածքներ խաղաղության դիմաց բանաձևն է, որ կարող է փրկել իրադրությունը։ Սա, իհարկե, անընդունելի լինելով մեզ համար, շատ նման է 1938 թվականի Մյունխենյան համաձայնությանը, երբ իբր հանուն խաղաղության՝ եվրոպական մի շարք տերություններ Գերմանիային զիջեցին Չեխոսլովակիան։ Իսկ թե ինչ եղավ հետո՝ գիտեք բոլորդ։ Եվ հիմա հարցը հետևյալն է․ արդյո՞ք աշխարհը թույլ է տալու մի նոր Հիտլերի ձևավորումը՝ այս անգամ Փոքր Ասիայում։

Պատերազմն ընդդեմ Արցախի մեկնարկեծ մեզ համար ոչ անսպասելի կերպով։ Մենք գիտեինք և սպասում էինք․ հարցն այն էր, թե կոնկրետ որտեղի՞ց և ո՞ր ժամին կհարձակվի թշնամին։ Արցախի ՊԲ-ն իսկապես առաջին վայրկյաններից հերոսական կռիվ է տալիս։ Թուրքաադրբեջանաահաբեկչական վարձկանների դաշինքը ձեռնարկեց ամենաուժգին հարձակումը Արցախի վրա․ տանկեր, զրահամեքենաներ, հրթիռներ, հրետանի, ռազմական օդանավեր, ուղղաթիռներ, բազմապիսի ԱԹՍ-ներ, ահռելի մեծ թվով մարդուժ՝ ներառյալ մի քանի հազար հատուկ ջոկատայիններ Թուրքիայից, և, ըստ որոշ տեղեկությունների, Պակիստանից, ինչպես նաև վարձկաններ ու ահաբեկիչներ Սիրիայից։

Հակառակորդն առաջին շաբաթվա ընթացքում չունեցավ ոչ մի ռազմավարական և տարածքային հաջողություն, ու սա այն պայմաններում, երբ չուներ մատակարարման և մարդուժի ոչ մի սահմանափակում, իսկ Արցախն ու Հայաստանը գործում էին, ըստ էության, շրջափակման պայմաններում։

Այս ընթացքում հակառակորդը հսկայական քանակի զինտեխնիկա կորցրեց, մեծ թվով զոհեր տվեց, բայց այդ զոհերի մի մասը վարձկան ահաբեկիչներ էին, ինչն ամենևին ծանր չէին տանում Ադրբեջանում։ Մինչդեռ մեր ամեն կաթիլ արյունը մրմուռով է պատում բոլորիս, էլ չեմ ասում ահռելի թվով զոհերը, որ արդեն իսկ ունենք այս պահին։

Հետագա կորուստները կանխելուն էր ուղղված նախորդ ուրբաթ Մոսկվայում ընդունված հայտարությունը և այդ պրոցեսին մեր մասնակցությունը, որը նախատեսում էր հումանիտար հրադադար՝ դիակների, գերիների և պահվող անձանց ամբողջական փոխանակում, վերադարձ բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ հարցը շուտափույթ ձևով կարգավորելու տրամաբանությամբ։ Ադրբեջանը, սակայն, ըստ էության, ոչ մի վայրկյան հավատարիմ չմնաց հրադադարի պայմանավորվածությանը, և մինչև այժմ էլ շարունակում է հարձակումները՝ միևնույն ժամանակ խոչընդոտելով հրադադարի պահպանման մոնիտորինգի մեխանիզմի ձևավորմանը։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ ի սկզբանե հայտարարած քաղաքական գծին և ԼՂ ամբողջական օկուպացիայի խնդիր է դրել իր առաջ։

Այս պահի դրությամբ, սակայն, կարող ենք արձանագրել մի բան։ Թուրքադրբեջանաահաբեկչական նախնական պլանը՝ բլից-կրիգով գրավել Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները՝ ձախողվել է մեր բանակի հերոսական գեներալների, սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների, կամավորների, աշխարհազորայինների, մեր պետական կառավարման համակարգի՝ Արցախի և ՀՀ-ի, ղեկավարների, կառավարությունների, Ազգային ժողովների, տեղական ինքնակառավարման և պետական մարմինների համատեղ աշխատանքի շնորհիվ և ջանքերով։

Այս ընթացքում, սակայն, մենք ունեցել ենք բազմաթիվ կորուստներ։ Այս պահին մեր զոհերի թիվը շատ մեծ է, և ես սգում եմ մեր քաջարի նահատակների համար, որոնք իրենց կյանքով պաշտպանեցին հայրենիքը, սեփական ժողովրդի ապրելու իրավունքը, մեր ինքնությունը, արժանապատվությունն ու ապագան։ Եվ ես խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի, նահատակների, նրանց ընտանիքների, նրանց ծնողների, և հատկապես մայրերի առաջ, և նրանց կորուստը համարում եմ իմ կորուստը, իմ անձնական կորուստը, իմ ընտանիքի կորուստը։

Սիրելի՛ ժողովուրդ, ՀՀ հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանարապետության հպարտ քաղաքացիներ, սփյուռքի հպարտ հայություն,

պատերազմի 18 օրվա ընթացքում մեր հերոսական զորքերը հյուսիսային և հարավային ուղղություններով որոշակի նահանջ են ունեցել։ Վերջին օրերին հակառակորդը փոխել է իր մարտավարությունը՝ դիվերսիոն խմբերով փորձելով խառնաշփոթ սկսել թիկունքում։ Այսուհանդերձ, Արցախի ՊԲ-ն ծանր մարտերով, մարդուժի և տեխնիկայի կորուստներ կրելով, վերահսկողության տակ է պահում ընդհանուր վիճակը՝ հակառակորդին պատճառելով մարդուժի և զինված տեխնիկայի մեծաթիվ կորուստներ։

Բայց բոլորս պետք է իմանանք, որ ստեղծվել է բավականին ծանր իրադրություն։ Այս արձանագրումը սակայն չեմ անում հուսահատության կամ անելանելիության բերումով, այս տեղեկությունները փոխանցում եմ, որովհետև պարտավորություն ունեմ ճշմարտության լեզվով խոսելու մեր ժողովրդի հետ՝ ի տարբերություն Ադրբեջանի, որ սեփական ժողովրդից թաքցնում է հազարավոր զոհերը և մեր հաշվարկներով ավելի քան մեկ միլիարդ դոլարի զինտեխնիկայի կորուստը։

Այսօրվա իմ ուղերձի հիմնական նպատակը մեր անելիքի ու ռազմավարության մասին խոսելն է, և այդ անելիքի շուրջ մեր համազգային համախմբումը քաջալերելը։ Եվ ուրեմն, անհրաժեշտ է արձանագրել, որ թուրք-ադրբեջանաահաբեկչական դաշինքը հենց այնպես չի դադարեցնելու իր հարձակումն Արցախի ու Հայաստանի նկատմամբ։

Այս օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն ջանքեր են գործադրել և գործադրում՝ հրադադարի հաստատման հասնելու ուղղությամբ։ Ընդունվել է երեք երկրների ԱԳ նախարարների հայտարարություն, հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարությունը։ Եվ ես ուզում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին շնորհակալություն հայտնել իրենց գործադրած ջանքերի համար։ Շնորհակալ եմ ԱՄՆ վարչակազմին՝ այս ընթացքում գործադրած, և հետագա բոլոր ջանքերի համար։ Շնորհակալ եմ Ֆրանսիային և նախագահ Էմանուել Մակրոնին՝ պատերզամի սանձազերծման հենց առաջին օրերին իրերն իրենց անունով կոչելու վճռականության և հետագա ջանքեր գործարդրելու պատրաստակամության համար։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որի հետ այս ընթացքում ինտենսիվ կապ ենք պահպանել։ Այս օրերին ՌԴ-ն կարողացավ բարձր մակարդակով կատարել ԵԱՀԿ ՄԽ համանախագահի և Հայաստանի ռազմավարական դաշնակցի իր դերը, և համոզված եմ՝ այս դերակատարումը կիրականացվի միանշանակ և աներկբա՝ հայ և ռուս ժողովուրդների բարեկամության լավագույն ավանդույթների համաձայն։

Եվ մենք, հավատարիմ լինելով Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման տրամաբանությանը, ուզում եմ ընդգծել՝ վերին աստիճանի կառուցողական ենք լինելու ներդրվող դիվանագիտական ջանքերն արդյունավետ դարձնելու համար։ Այս ջանքերը, սակայն, մինչ օրս բավարար չեն եղել թուրքադրբեջանաահաբեկչական խմբավորմանը սանձելու համար, որովհետեւ խնդիրը, որ այս խմբավորումը իր առաջ դրել է, ոչ միայն Ղարաբաղի հարցի լուծումն է, այլև ավանդական թուրքական ցեղասպան քաղաքականությունը մեր ժողովրդի նկատմամբ շարունակելը։

Բայց այս վճռական պահին մենք չենք ընկրկի, որովհետև սա մեր ժողովրդի համար ճակատագրական պատերազմ է։ Հայ ժողովուրդն այս իրավիճակում մեկ անելիք ունի՝ համախմբել, կենտրոնացնել իր ողջ ներուժը, վճռական հարվածով կանգնեցնել հակառակորդին եւ հասնել անշրջելի հաղթանակի՝ այն է՝ ԼՂ հարցի վերջնական լուծման, ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման։ Մեր հզոր նախնիների՝  Արտաշես արքայի, Տիգրան ՄԵծի, Աշոտ Երկաթի, Արամ Մանուկյանի, Հովհաննես Բաղրամյանի, Մոնթե Մելքոնյանի, Վազգեն Սարգսյանի, մեր մյուս նահատակների և հերոսների հոգիները, ոգին և ուժը մեզ հետ են այսօր։

Այսօր հայությունը համախմբված է, քան երբևէ։ Հարյուրհազարավոր հայեր այս օրերին ֆինանսական, լրատվական, տնտեսական քաղաքական աջակցություն են տրամադրում Հայաստանին և Արցախին։ Սփյուռքի հարյուրավոր համայնքներում այս օրերին մեր հայրենակիցները համերաշխության, բողոքի ու աջակցության բազմահազարանոց խաղաղ հավաքներ են անում՝ օրակարգում ունենալով երկու կոնկրետ հարց․ Արցախի անկախության միջազգային ճանաչում, թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիայի դատապարտում։

Սա մեր համազգային համախմբման կուլմինացիան է և այն պետք է պսկավի մեր կոնկրետ ազգային նպատակների իրագործմամբ։ Հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել, հայ ժողովրդին հնարավոր չէ վախեցնել, հայ ժոովրդին հնարավոր չէ հաղթել։

Մենք կանգնելու ենք մինչև վերջ, մենք պայքարելու ենք մինչև վերջ և այդ վերջի անունն է ազատ և երջանիկ Արցախ։

Այսօր, հիմա, այս վճռական պահին մեզնից յուրաքանչյուրը պետք է կենտրոնանա այս խնդրի իրագործման վրա․ Արցախը, բանակը, զինվորը,  առաջնագիծը։ Ահա թե ինչը պետք է լինի մեր ջանքերի կիզակետը՝ սփյուռքում, թե Հայաստանում։ Մենք մեր սուգը պիտի վերածենք ցասման, մեր մտավախությունները՝ վճռականության, մեր կասկածները՝ գործողության։ Մենք պիտի հաղթենք, մենք պիտի ապրենք, մենք պիտի կերտենք մեր պատմությունը եւ մենք կերտում ենք մեր պատմությունը, մեր նոր էպոսը, մեր նոր հերոսամարտը, մեր նոր Սարդարապատը։

Եվ ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛ հայոց բանակը, կեցցե՛ հայոց կամավորը, կեցցե՛ հայոց սփյուռքը, կեցցե՛ հայ ժողովուրդը, և կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում, ազատ և երջանիկ Արցախում։

Փա՛ռք հերոսներին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել