Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 40 դեպք․ կիրառվել են խոշոր տուգանքներ

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 12-ի ժամը 17․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 40 դեպք, որոնցից 13-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 27-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 9-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։

Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 7 անձ տուգանվել է 300 հազար դրամի չափով, որոնցից 2-ը հրապարակումը չեն հեռացրել, ուստի, բացի հիշյալ 300 հազար դրամից, տուգանվել են նաև 700 հազար դրամի չափով։ Երկու լրատվական կայք էլ տուգանվել է 700 հազար դրամի չափով։ Ընդ որում, լրատվական կայքերից մեկը հրապարակումը չի վերացրել, ուստի լրատվամիջոցը, բացի հիշյալ 700 հազար դրամից, տուգանվել է նաև 1 միլիոն 500 հազար դրամի չափով։

Մյուս հրապարակումների հեղինակներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումով սահմանվում են հրապարակումների և հաղորդումների իրականացման մի շարք սահմանափակումներ:

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ընթացող մարտական գործողություններով պայմանավորված քաղաքացիական անձանց (խմբերի) շարժի, մարտական գործողությունների հետևանքով պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հաղորդումների՝ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում, այսուհետ կատարվելու է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումով` ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման):

Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանը առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը:

Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` ՀՀ և ԱՀ պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը:

Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն իրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում՝ 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։

Վարչական տույժի նշանակումից հետո հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի 1 միլիոնից 1 միլիոն 500 հազար դրամի չափով։

Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։

Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն չիրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում 300 հազարից 700 հազար դրամի չափով։

Հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։

Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել