«Գավառտրանս» ՍՊ ընկերությունը դատարան ներկայացրած հայցադիմումով խնդրել է վերացնել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 17.10.2011 թվականի թիվ 474-Ա որոշումը։ Միաժամանակ հայցադիմումում որպես երրորդ անձ նշվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը։
«Գավառտրանս» ՍՊ ընկերությունը հայտնել է, որ պատասխանողի 17.10.2011 թվականի թիվ 474-Ա որոշման 5-րդ կետի համաձայն` ընկերության նկատմամբ տուգանք է նշանակվել 10.000.000 ՀՀ դրամի չափով և առաջարկվել է 10-օրյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնել որոշմամբ սահմանված տուգանքի վճարումը հավաստող տեղեկություն։
Ըստ պատասխանողի, որոշման կայացման համար հիմք է հանդիսացել «Գավառտրանս» ՍՊ ընկերության կողմից Երևան-Գավառ-Երևան (թիվ 303) երթուղու կապակցությամբ անցկացված ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթում ուղետոմսի փոխադրավարձի համար 500 ՀՀ դրամ առաջարկելը և հետագայում փաստացի ուղետոմսի այդ արժեքով ուղևորափոխադրումներ չիրականացնելը, որը համարվել է մենաշնորհ դիրքի չարաշահում։ Որոշման կայացման համար իրավական հիմք է հանդիսացել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 7-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի «ա» և «է» կետերի, Հավելվածի 3-րդ կետի, Կարգի 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերի պահանջները։
Պատասխանողի` վերը նշված որոշումն անհիմն է, չի բխում նշված իրավական ակտերի պահանջներից և այն պետք է անվավեր ճանաչել` հետևյալ պատճառաբանությամբ.
Ընկերության սպասարկմանը հանձնված են եղել ոչ միայն Երևան-Գավառ-Երևան թիվ 303` փոխադրավարձ 500 ՀՀ դրամ, Գավառ-Երևան-Գավառ թիվ 326` փոխադրավարձ 1000 ՀՀ դրամ, Երևան-Սարուխան-Երևան թիվ 313` փոխադրավարձ 1000 ՀՀ դրամ, երթուղիները, այլև թիվ 324 երթուղին` փոխադրավարձ 1000 ՀՀ դրամ, որն ընդհանրապես նշված չէ պատասխանողի կողմից 17.10.2011 թվականին կայացված թիվ 474-Ա որոշման մեջ։ Նշված երթուղիների համար փոխադրավարձերը սահմանվել են կայացված մրցույթի արդյունքում։
Իչպես նախկինում «Ավտոփայլ» ՍՊ ընկերության կողմից, այնպես էլ ընկերության կողմից սպասարկվող թիվ 303 երթուղու ուղևորափոխադրումները 2005 թվականից սկսած` հաշվի առնելով բնակչության պահանջը, «Հայավտոկայարան» ՓԲ ընկերության համաձայնությամբ իրականացվել են նույն ՓԲ ընկերության «Ռայկոմ» ենթակարգավորման կետից, իսկ վերջնակետ է համարվել «Գավառ» ավտոկայանը։
Վերոհիշյալ սկզբնակետով և վերջնակետով ընկերությունն աշխատել է մինչև 2011 թվականի օգոստոսի 1-ը և մինչ այդ օրը թիվ 303 երթուղին սպասարկվել է 500 ՀՀ դրամով, իսկ թիվ 326 եթուղին մրցույթով շահած 1000 ՀՀ դրամի փոխարեն սպասարկվել է 700-800 դրամով։
Դատարանը գտել է, որ քանի դեռ տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունենալը չի ամրագրվել համապատասխան որոշմամբ, այդ տնտեսվարող սուբյեկտն օբյեկտիվորեն չի կարող և պարտավոր չէ ենթադրել, որ համապատասխան ապրանքային շուկայում ունի մենաշնորհ կամ գերիշխող դիրք, հետևաբար՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով սահմանված կանոնը վերաբերում է հենց իրեն և կանոնները չչարաշահելու պահանջի կատարման պարտականություն ունի, քանի որ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով, ինչպես նաև օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում` օրենսդրական այլ ակտերով։ Վերը նշված պատճառաբանություններով դատարանը գտնում է, որ Ընկերությունը պատասխանատվության կարող է ենթարկվել Հանձնաժողովի 17.10.2011 թվականի թիվ 474-Ա որոշման ուժի մեջ մտնելուց հետո «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված գործողությունները կատարելու համար։
Դատարանը վճռեց «Գավառտրանս» ՍՊ ընկերության հայցը բավարարել մասնակի։ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 17.10.2011 թվականի թիվ 474-Ա որոշումը` 10.000.000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու մասով, ճանաչել անվավեր։
Աղբյուրը` Իրավաբան.net