Վահրամ Ս.-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 14.01.2012 թվականի թիվ ԱԳ 771416 որոշումը անվավեր ճանաչելու պահանջի մասին։
Հայցվորը, դիմելով Դատարան, հայտնել է, որ 2012 թ. հունվարի 14-ին ժամը 13։00-13։30 սահմաններում Վանաձոր քաղաքի Նժդեհ և Վարդանանց փողոցի խաչմերուկում ճանապարհային ոստիկանության աշխատակցների կողմից անօրինական կարգով՝ առանց ազդանշանի ոստիկանության մեքենան մոտենալով իր մեքենայի ձախ կողմին և իջեցնելով պատուհանը ճանապարհային ոստիկանության աշխատակիցը հրամայել է անցնել խաչմերուկը և կանգնել։ Ենթարկվելով հրամանին, անցնելով խաչմերուկը կանգնեցրեց իր վարած ավտոմեքենան և ոստիկանության աշխատակիցը առանց բացատրելու թե իր կողմից ինչ խախտում է կատարվել պահանջել է ներկայացնել փաստաթղթերը։ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցը հայտնել է, որ մեքենան պետք է տանի տուգանային հրապարակ, քանի որ այդ պահին մեքենայի տեխնիկական անձնագիրը չի եղել ներկայացված փաստաթղթերի մեջ և պահանջել է, որ իջեցնի ուղևորներին և նրանց թողնելով փողոցում, նստել է Հայցվորի կողմից վարած մեքենան և այն տարել էտուգանային հրապարակ՝ առանց փաստաթղթերը վերադարձնելու։
Նույն օրը, մոտ 1 ժամ հետո, մեքենայի տեխնիկական անձնագրով Հայցվորը ներկայացել է ճանապարհային ոստիկանություն և այնտեղ ոստիկանության աշխատակից Գ. Մինասյանի կողմից կազմվել է թիվ 771416 վարչական ակտը՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքի 124-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է «տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող, ինչպես նաև լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի կամ առանց կանգառ կատարելու երթևեկությունն արգելող ճանապարհային նշանի առկայության դեպքում վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշումների պահանջները չկատարելը», որի համար նշանակվել է տուգանք 10.000 ՀՀ դրամի չափով։
Սույն վարչական գործով Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվորեն ուսումնասիրելով սույն գործով առկա ապացույցները, մասնավորապես Դատարանին ներկայացված լազերային կրիչը, եկավ այն եզրահանգման, որ նկարահանումը կատարվել է ոչ թե պետավտոտեսուչի ավտոմեքենայում տեղադրված տեսանկարահանող սարքի, այլ բջջային հեռախոսի կամ այլ սարքավորման միջոցով, ուստի կատարված նկարահանումը գործով չդիտվեց որպես թույլատրելի ապացույց՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ այն ձեռք բերելու հետևանքով։
Դատարանը գտել է, որ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից 14.01.2012 թվականի թիվ ԱԳ 771416 որոշումը անհիմն է, ոչ իրավաչափ, կազմվել է օրենքի օրենքի սխալ կիրառման, այդ թվում նաև սխալ մեկնաբանման արդյունքում և ենթակա է անվավեր ճանաչման։
Աղբյուրը` Իրավաբան.net