Մ.Մ.-ն հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձ` Վ.Ղ.-ի` Երևանի քաղաքապետի 30.12.2010թ.-ի թիվ 6233-Ա որոշումը` վարչական ակտը, դրա հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր ԱԳԿ ՊԿ «Շենգավիթ» ՏՍ-ի Երևան քաղաքի Քուչակի փողոցի X տան նկատմամբ պետ. գրանցումը /01-007-4-123 մատյանի 145 համարի տակ/ ոչ իրավաչափ, մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին։
Հայցվորը հայցադիմումով հայտնել է, որ Երևանի Քուչակի փողոցի X հասցեի հողամասը կից է Ե. Օտյան Y փողոցի հողամասին։ Նրանց հողամասերը առանձնացված են եղել շուրջ 40 տարի մետաղյա միջնապատով։ Այն գոյություն է ունեցել մինչ Հայցվորի կողմից 2002թ. Ե. Օտյան փողոցի Y հասցեի տնատիրությունը գնելը։ Բարեկարգման և քարից պարիսպը շարունակելու նպատակով Հայցվորը Պատասխանողի որդուց պահանջել է իր մետաղյա թիթեղյա միջնապատը հանել, քանի որ այն խանգարել է իր աշխատանքին։ 11.07.2010թ. վերջինս հանել է թիթեղները մոր հետ ներխուժել և զավթել Հայցվորին պատկանող հողամասը։ Ավելորդ միջադեպերից խուսափելու նպատակով 23.07.2010թ. Մ.Մ.-ն դիմել է դատարան ընդդեմ Վ.Ղ-ի և նրա որդու` հողամասը ապօրինի տիրապետողից ետ վերադարձնելու պահանջի մասին։
Հայցը բավարարվել է: Վերաքննիչ դատարանը բեկանել է վճիռը և ուղարկել է նոր կազմով նոր քննության:
Դատարանում գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ 30.12.2010թ. Մ.Մ.-ի հայցը դատարանում քննության ընթացքում Երևանի քաղաքապետը կայացրել է թիվ 6233-Ա որոշումը, վարչական ակտի համաձայն Մ.Մ.-ին պատկանող, Վ.Ղ.-ի կողմից զավթված հողամասը հատկացվել է Վ.Ղ.-ին և վերջինիս տրվել է սեփականության իրավունքի գրանցման վկայական 24.01.2011թ. թիվ 2774598։
Դատարանը եզրակացրեց, որ հայցը ենթակա է բավարարման մասնակի:
Երևանի քաղաքապետի 30.12.2010թ. 6233-Ա որոշման ուսումնասիրությունից դատարանը եզրակացրեց, որ նշված որոշմամբ վերականգնվել է Վ.Ղ.-ի սեփականության իրավունքը 28,9քմ մակերեսով հողամասի և դրա վրա առկա շենք-շինությունների նկատմամբ։ Դատարանը գտնում է, որ վիճարկվող 41,8քմ մակերեսով հողամասի նկատմամբ կադաստրի մարմինը գրանցել է Վ.Ղ.-ի սեփականության իրավունքը այնպիսի փաստաթղթերի հիման վրա, որոնք «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի` գրանցման պահին գործող խմբագրության իմաստով չէին կարող համարվել սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ։
Դատարանի կողմից ձեռք բերված ապացույցներով հաստատվեց, որ կադաստրի կողմից Վ.Ղ.-ի սեփականության իրավունքը գրանցվել է Մ.Մ.-ին պատկանող 41,8քմ մակերեսով հողամասի նկատմամբ, և հենց 41,8քմ մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության մասով է խախտվել հայցվորի իրավունքը, որպիսի պայմաններում Երևան քաղաքի Քուչակի փողոցի X հասցեի հողամասի նկատմամբ գրանցված իրավունքը մասնակի` 0,2քմ մակերեսի մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցվորի փաստարկներն անհիմն են և ենթակա մերժման:
Ուստի դատարանը վճռեց Մ.Մ.-ի հայցը բավարարել մասնակի. Մասնակի` 41,8քմ մակերեսով հողամասի մասով անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 01-007-4-123 միասնական մատյանի 145 համարի տակ Վ.Ղ.-ի անվամբ 24.01.2011թ. կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Աղբյուրը` Իրավաբան.net