Հայկն ու Մխոն կենդանի վահան են դարձել՝ փրկելով մյուս ընկերոջ կյանքը․ զոհված զինծառայողի հարազատ

Սեպտեմբերի 27-ին սկսած ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հերոսաբար զոհվել է նաև 19-ամյա Հայկ Սահակյանը։

Զինծառայողի մորեղբոր՝ Արմեն Սահակյանի խոսքով, Հայկն ու իր զինակից ընկերը՝ Մխիթարը, կենդանի վահան են դարձել մյուս ընկերոջ համար՝ փրկելով նրա կյանքը։

«Հայկը, Մխոն ու Արթուրը ընկերներ էին, առհասարակ 7 ընկերներ էին (չորսը չկան, 3-ը վիրավոր են): Հայկն (Ռիժիկ) ու Մխոն կենդանի վահան էին դարձել՝ փրկելով մյուս ընկերոջ կյանքը:

Մենք չպետք է թուլանանք, ոգիներս պիտի կուռ լինի, որ տղեքի գործը կիսատ չթողնենք: Պիտի չպառակտվենք, պիտի մեկ վահան դարձած դուրս մղենք ներքին ու արտաքին թշնամուն: Էլ պատերազմ չի լինելու:
Սա է մեր պատգամը…»,-գրել է Արմեն Հովհաննիսյանը։

Նա պատմել է նաև Հայկի մասին․

«Կարոտն ամեն օր ավելի է մեծանում, ինչքան էլ փորձում եմ ինձ շեղել, գրառումներ անել, ժպտալով խոսել, միևնույն է…սիրտս ու հոգիս են լուռ, միևնույն է ամեն բացվող օրվա հետ աչքս դռանն է: Հույսը վերջում է մեռնում, անգամ այն դեպքում, երբ հողին ես հանձնել հերոսիդ… երբ քո աչքով ես տեսել այդ ամենը: Հույսը վերջում է մեռնում…սպասումը՝ երբեք: Հայկ, քեզ միշտ եմ սպասելու, որդի՛ս: Քո խենթ ու ազնիվ բնությունը պակասում է բոլորիս: 19 տարիների ընթացքում Հայկն այնքան բան փոխեց թե՜ մեր և թե՜ ընկերների կյանքում, որ ասելու չէ: Այդքան հոգատար մարդ դժվար էր գտնել: Երբ ընկերներին, ծանոթներին և անգամ անծանոթներին մի բան էր պատահում, մշտապես շտապում էր օգնության: Չէր մոռանում նաև դիմել բժիշկ մոր օգնությանը: Ասում էր՝ մամ, ոչինչ, որ հոգնած ես, հանուն ինձ օգնիր: Հայկը կատակասեր էր…անչափ կատակասեր: Անգամ ամենատխուր լուրը հայտնելիս ժպտում էր: Հայկը երբեք չէր սիրում դպրոցական դասերը, միշտ բողոքում էր, բայց ինչպիսի եռանդով էր կարդում գրքերը, որոնք իրեն հետաքրքրում էին: Ինքնուրույն սովորեց վարժ հաղորդակցվել ռուսերենով և հայերենով, սովորեց մաթեմատիկա ու ֆիզիկա: Ինքնուրույն ընդունվեց համալսարան: Ամենից շատ ուզում էր դառնալ ինժեներ: Ասեցինք,-Հայկ, գնա համալսարան, նոր բանակ կգնաս: Մերժեց, բա թե պարտք ունեմ կատարելու: Կատարեց հերոսաբար: Վերջին գրառումն էր բանակ գնալուց առաջ՝ Կմեռնեմ հանուն ձեզ:

Մենք բոլորս սպասում էինք նրա վերադարձին և նաշանդրությանը: Հայկը հավերժ սիրհար էր ու դեռ մանկուց սիրում էր միայն մեկին: Հայկը եղբոր հետ պայմանվորվել էր. բա թե ես տղա կունենամ անունը Գևորգ կդնեմ, դու էլ տղուդ անունը՝ Հայկ: Գևորգս շուտով որդի կունենա:

Ի գիտություն բոլորիդ, Հայկը նվագում էր ջութակ և կանտրաբաս: Սիրուն երգում էր: Խաղում մյուզիքլներում: Համերգին էի գնացել: Ի˜նչ ազնվական տեսք ուներ տղաս բեմի վրա: Շատ խաղաղասեր էր զարմիկս ու իմաստուն: Այդպես էլ չհասկացա, թե ֆեմինիզմի մասին որտեղից էր կարդացել: Օհհհ, բայց կողմնակից էր… Իսկապես բաց էր աշխարհի հանդեպ ու այն ընդունում էր իր բոլոր գույներով: Չէր սիրում դատապարտել մարդկանց: Մշտապես հիշեցնում էր բոլորին, որ դատավոր չեն: Հայկը նաև աշխատասեր ու հասուն մարդ էր: Սիրելիի համար նվեր էր ուզել գնել, որպեսզի ոչ մեկիս չանհանգստացնի, գնացել ու թաքուն բեռնակրի աշխատանք էր կատարել:

Նայում եմ Ինստագրամի նկարները ու բացահայտում, որ իմ անհայտացած և հետո հայտնված շորերի ու վերնաշապիկների հեղինակը ինքն էր: Տղա՛ս, ինչ ունեմ-չունեմ քեզ լինի, միայն ՔԵԶ, ՔԵԶ ու ՔԵԶ:

Եթե անկեղծ, մահը մշտապես է քայլել իր կողքով: Երկու անգամ փրկեցինք: Հայկս իր կյանքն հրաժեշտ տվեց նույնքան հատուկ, որքան որ ինքն է: Բոլորը կանչում էին Արև Տղա: Արև Տղան միակ թոռն էր, որ ոտքերը դնում էր պապու փորին ու ասում՝ Աշիկ, մասաժ արա: Լսվում էին ահահահահահա ծիծաղի ձայները: Հայկը միակ զարմիկս էր, որ գալիս էր ու ասում,- Քեռ,ես քեզնից սիրուն եմ չէէէ՞: Երկրպագուհիների բանակ ունեմ: Ու նորից լսվում էր ծիծաղի ձայներ:

Որդիս, նորից պիտի ասեմ ԴՈՒ քեռու համար ամենասիրուն բալեն ես: Հայկս խնայում էր իրեն տրված գումարը և բոլորիս նվեր գնում, Հայկն այն տղան էր, որը տանից ուտելիք էր վերցնում և կերակրում անտուններին ու սովածներին: Հայկս ամենաթեժ պահին խաղաղություն բերողն էր: Լուռ էր, հույզերը՝ ներսում: Հայկս զուսպ էր: Հայկս իր բակի բոլոր կատուների կերակրողն էր: Հայկս հերոս է, ով իր մահու կռիվն է տվել Հադրութում, խոցել թշնամուն բազմիցս: Սեփական կյանքով փրկել ընկերոջ կյանքը:

Հայկս, դու գնացիր ու սրտիս մի մասը հավերժ դատարկվեց: Քույրս ասում է, թող որդիս վերջին զոհը լինի ու հաղթանակենք այս պատերազմում: Հաղթել ենք, անկասկած հաղթել: Հավերժ փառք ու պատիվ մեր զինվորներին: Կոտրվել չկա, մենք պիտի ապրենք խաղաղ երկնքի տակ:

Հայկիս հիշատակը հարգելու համար խնդրւմ եմ հանգանակում անել հայկական հիմնադրամին՝ https://www.himnadram.org/en

Դուք լինեք բամբակ, մենք լինենք կրակ,
Դուք լինեք գառ, մենք լինենք գայլ:
Հացն ու Գինին, Տէր կենդանին:
հաղթել ենք»,-գրել է Հայկի մորեղբայր Արմեն Հովհաննիսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել