Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ա. Մարգարյանի:
Ա. Մարգարյանը մեղադրվում է նրանում, որ 2012թ. հոկտեմբերի 5-ին կամ 6-ին Մարտունի քաղաքի ճանապարհից առանց իրացնելու նպատակի իր օգտագործման համար քաղելու միջոցով ապօրինի ձեռք է բերել և մինչև հոկտեմբերի 8-ը պահել զգալի չափերի հասնող չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը, պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net