Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ն. Գևորգյանի:
Ն. Գևորգյանը մեղադրվում է նրանում, որ նախկինում դատապարտված լինելով գույքի գաղտնի հափշտակություններ կատարելու համար, 2012թ. հունիս-սեպտեմբեր ամիսների ժամանակահատվածում մի շարք ավտոմեքենաներից կատարել է գողություն:
Մեղադրյալը կալանավորված է:
Նշենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի(գողություն)` գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Գողությունը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) խոշոր չափերով,
3) պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
Գողությունը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
1.1) բնակարան ապօրինի մուտք գործելով,
2) կազմակերպված խմբի կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net