Վերաբաշխում կատարելով ՀՀ 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` կառավարությունը գումար է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` արդիականացնելու Սևանա լճի ջրահավաք ավազանի տարածքային հատակագծման նախագիծը, վերանայելու նախագծով սահմանված որոշ դրույթներ, ճշգրտելու Սևանա լճի անմիջական ազդեցության գոտու սահմանները։
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, որով նախատեսվում է, որ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում ընդգրկված պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողմասերի վարձակալության կամ անհատույց (մշտական) օգտագործման պայմանագրերի գործողության ընթացքում կամ դրանց գործողության ժամկետներն ավարտվելուց հետո դրանք երկարաձգել առավելագույնը մինչև 2030 թ. դեկտեմբերի 31-ը։ Դրանով իսկ կապահովվեն վարձակալության իրավունք ձեռք բերած անձանց իրավունքները։
Որոշումը չի տարածվում «Սևան» ազգային պարկին ամրացված տարածքների վրա։ Բայց, ինչպես նկատել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Բացի Սևանի ազգային պարկից նաև այլ գոտիների հետ կապված էլ պետք է խնդիրը քննարկվի։ Ինչո՞ւ միայն Սևանի ազգային պարկը, մնացած պահպանվող գոտիներն ինչո՞ւ չենք նույնպես բացառությունների մեջ ներառում»։
Տիգրան Սարգսյանը հանձնարարել է առաջիկա երկու օրվա ընթացքում քննարկել հարցը և անհրաժեշտության դեպքում մնացած պահպանվող տարածքները նույնպես ներառել որոշման մեջ։
Աղբյուրը` Իրավաբան.net