Վրեժխնդիր լինելու համար Գևորգն ընտրել էր գույքի հրկիզումը

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում դատվածություն ունեցող Գևորգ Բ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Լիլիթ Խ.-ից վրեժխնդիր լինելու շարժառիթով 2012թ. ապրիլից մինչև հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում մեկ միասնական դիտավորությամբ, հրկիզման եղանակով պարբերաբար վնասել է Լիլիթին, ինչպես նաև նրա դստեր գույքը:

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում իրականացվում Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության կողմից:

Հիշեցնենք, որ համաձյան ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի՝

1. Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն գործողությունը, որը՝ 1) կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, 2) խոշոր չափերի վնաս է պատճառել, 3) կատարվել է՝ կապված անձի կամ նրա մերձավորի կողմից իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարելու հետ, 4) կատարվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը՝ 1) առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել, 2) անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, 3) առաջացրել է պատմական, գիտական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաների ոչնչացում կամ վնասում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել