Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Հրանտի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գայանեյի հետ համատեղ բիզնես ծավալելու կեղծ խոստումով` չարաշահելով վերջինիս վստահությունը, 2009թ. դեկտեմբերից մինչև 2010թ. մայիսը խաբեությամբ վերջինիցս հափշտակել է առանձնապես խոշոր չափի` 7.680.000 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար գումար: Այնուհետև, խարդախության եղանակով ուրիշի գույքի խոշոր չափի հափշտակություն կատարելու նպատակով 2010թ. ապրիլի 2-ին բնակարան գնելու համար հիպոթեքային վարկի կանխավճար բանկում վճարելու կեղծ խոստումով Ստեփանի խաբեությամբ հափշտակել է 4500 ԱՄՆ դոլար գումար:
Բացի այդ, բջջային հեռախոսներ բերելու և վաճառելու կեղծ խոստումով` չարաշահելով Գարիկի վստահությունը, 2010թ. ապրիլից մինչև մայիսը վերջինիցս հափշտակել է խոշոր չափի` 5200 ԱՄՆ դոլար գումար:
Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում իրականացվում է Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատախազության կողմից: Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net