Արցախա-ադրբեջանական շփման գծում ծանր և համառ մարտեր են ընթանում, դիրքային փոփոխություններ շատ հաճախ են լինում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ իրավիճակ է Մատաղիսի ուղղությամբ:
«Առանձնահատուկ որևէ դիրքի, որևէ ուղղության մասով մարտավարական բնագծեր չեմ կարող ներկայացնել: Կարող եմ ասել, որ իրավիճակը բավականին ծանր է հյուսիսում և հարավում: Կոնկրետ ով, որ պահին, որ կողմը, որ դիրքի վրա է գտնվում, չեմ կարծում, որ դա այդքան կարևոր իրողություն է: Ծանր ու համառ մարտեր են ընթանում, դիրքային փոփոխություններ շատ հաճախ են լինում` թե առաջ, թե հետ, թե ձախ, թե աջ, հետևաբար՝ առանձնահատուկ չֆիքսվենք այս ամեն ինչի վրա»,- ասաց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հոկտեմբերի 3-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր: Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ: