ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապով հանդիպում է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Այս մասին հայտնում են Կրեմլից։
Առանձնակի ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակին, ծայրահեղ անհանգստություն է արտահայտվել շարունակվող մարտական գործողությունների կապակցությամբ, նշվել է տարածաշրջանում ծայրահեղ վտանգը՝ կապված Սիրիայից և Լիբիայից զինյալների տեղափոխման հետ:
Վլադիմիր Պուտինը հանդիպման մասնակիցներին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) պետությունների ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարություն նախապատրաստելու մասին:
Քննարկվել է նաև Ռուսաստանի հարևան պետությունների հետ աշխատանքը: Անվտանգության խորհրդի անդամները լսեցին Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի զեկույցը:
Բացի այդ, շոշափվել է ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակը: