Քննիչը պարտավոր է մեղադրյալին հարցաքննել նրան մեղադրանք առաջադրելուց հետո` անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, իսկ մեղադրյալի խուսափելու կամ նրան հետախուզում հայտարարելու դեպքում` նրան բերման ենթարկելուց 48 ժամվա ընթացքում:
Մեղադրյալի հարցաքննությունը, բացի անհետաձգելի դեպքերից, կատարվում է ցերեկը:
Մեղադրյալը հարցաքննվում է նախաքննության կատարման վայրում, իսկ անհրաժեշտության դեպքում` իր գտնվելու վայրում:
Մեղադրյալը հարցաքննվում է գործով անցնող այլ անձանցից անջատ: Քննիչը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի մեղադրյալը չհաղորդակցվի գործով անցնող այլ անձանց հետ:
Մեղադրյալն իրավունք ունի հարցաքննվել պաշտպանի մասնակցությամբ:
Օրենքով նախատեսված դեպքերում պաշտպանի մասնակցությունը պարտադիր է:
Խուլ, համր կամ կույր մեղադրյալի հարցաքննությունը կատարվում է նրա նշանները հասկացող կամ նրա հետ նշաններով բացատրվելու ունակ անձի մասնակցությամբ:
Մեղադրյալը հարցաքննվում է առաջադրված մեղադրանքի էության, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների վերաբերյալ:
Հարցաքննությունն սկսելուց առաջ քննիչը մեղադրյալին բացատրում է ցուցմունքներ տալուց, հարցաքննությունը պաշտպանի մասնակցությամբ անցկացնելու կամ պաշտպանի մասնակցությունից հրաժարվելու (բացառությամբ պաշտպանի մասնակցության պարտադիր լինելու դեպքերի) նրա իրավունքները:
Հարցաքննության սկզբում քննիչը պետք է պարզի, թե մեղադրյալն արդյոք իրեն մեղավոր ճանաչում է առաջադրված մեղադրանքում:
Քննիչն առաջարկում է մեղադրյալին ցուցմունքներ տալ մեղադրանքի և բոլոր այն հանգամանքների վերաբերյալ, որոնք իր կարծիքով, կարող են նշանակություն ունենալ գործի համար:
Աղբյուր՝ Իրավաբան.net