Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը (այսուհետ՝ իրավունքից զրկելը) կիրառվում է և´ որպես հիմնական, և´ որպես լրացուցիչ պատիժ:
Իրավունքից զրկելու` հիմնական պատժի կատարումն ապահովում է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը, իսկ որպես լրացուցիչ պատժի կատարումն ապահովում է հիմնական պատիժը կատարող մարմինը կամ հիմնարկը, իսկ հիմնական պատիժը կրելուց հետո՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը:
Իրավունքից զրկելու դատապարտված անձի կողմից զինվորական ծառայության կամ այլընտրանքային ծառայության անցնելու դեպքում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը զինվորական կոմիսարիատ կամ դատապարտյալի ծառայության վայր է ուղարկում դատավճռի պատճենը` ծառայության ընթացքում տվյալ պատժի կրումը շարունակելու նպատակով:
Իրավունքից զրկելու մասին օրինական ուժի մեջ մտած դատավճռի պահանջները պարտադիր են դատապարտյալի աշխատավայրի վարչակազմի համար:
Ի կատարումն դատավճռի՝ դատապարտյալի աշխատավայրի վարչակազմը ապահովում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին օրինական ուժի մեջ մտած դատավճռի պահանջների կատարումը՝ դատավճռի պատճենը և քրեակատարողական մարմնի ծանուցումը ստանալու պահից հինգ օրվա ընթացքում, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում դատավճռով` դատապարտյալին արգելված պաշտոնները զբաղեցնելու կամ արգելված գործունեությամբ զբաղվելու հետ կապված բոլոր իրավունքներից և արտոնություններից զրկելու ուղղությամբ:
Պատիժը չկրած դատապարտյալին պետական և այլ հիմնարկներում կամ կազմակերպություններում զբաղեցրած որոշակի պաշտոնից ազատելու դեպքում նրա աշխատանքային գրքույկում գրանցում է կատարում այն մասին, թե ինչ հիմքով, ինչ ժամկետով և ինչ պաշտոն զբաղեցնելու իրավունքից է նա զրկված:
«Որպես հիմնական կամ որպես լրացուցիչ պատիժ նշանակված իրավունքից զրկելու ժամկետը հաշվարկվում է դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից, սակայն իրավունքից զրկելու ժամկետի մեջ չի հաշվարկվում այն ժամանակը, որի ընթացքում դատապարտյալը զբաղեցրել է իրեն արգելված պաշտոններ կամ զբաղվել է իրեն արգելված գործունեությամբ»,-Իրավաբան.նեթ-ին տեղեկացնում է փաստաբան Արփինե Եղիկյանը:
Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կարգապահական գումարտակում պահելու, կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման հետ որպես լրացուցիչ պատիժ նշանակելիս տարածվում է հիմնական պատիժը կրելու ամբողջ ժամանակի վրա, ընդ որում, լրացուցիչ պատժի ժամկետը հաշվարկվում է հիմնական պատիժը կրելուց հետո:
Աղբյուրը` Իրավաբան.net