Արմեն Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ նախնական համաձայնության գալով Արուսյակ Հակոբյանի հետ և դերաբաշխելով իրենց գործողությունները, 2012թ. նոյեմբերի 10-ին, երբ Արուսյակ Հակոբյանը գտնվել է Իրաիդա Ղուլյանի բնակարանում, համապատասխան պահված տեղից վերցրել է վերջինիս ոսկյա զարդերը և դրել իր պայուսակում, իսկ բնակարանի մուտքի դուռը թողել է առանց կողպելու: Արմեն Մուրադյանը ապօրինի մուտք է գործել Իրաիդա Ղուլյանի բնակարան, գաղտնի հափշտակել Արուսյակ Հակոբյանի պայուսակը, որի մեջ դրված են եղել տուժողի զարդերը` ընդհանուր 1.726.700 ՀՀ դրամ արժողության:
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալներ Արմեն Մուրադյանը և Արուսյակ Հակոբյանը միջնորդել էին դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել են կամավոր, խորհրդակցել են պաշտպանի հետ, գիտակցում են արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրենց պարզ է, համաձայն են մեղադրանքի հետ և առաջադրված մեղադրանքում իրենց լիովին մեղավոր են ճանաչում:
Տուժողը հայտնել է, որ ամբաստանյալներից Արմեն Մուրադյանի հարազատները ամբողջությամբ վերականգնել են հանցագործությամբ իրեն պատճառված վնասը և ինքը նյութական պահանջ չունի նրանց նկատմամբ և չի առարկում գործի քննությունն արագացված կարգով անցկացնելու դեմ:
Դատավոր Դավիթ Բալայանն ամբաստանյալ Արուսյակ Հակոբյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առնել նրա խնամքին գտնվող մինչև տասնչորս տարեկան երեխայի առկայությունը, այն, որ նա աջակցել է հանցագործությունը բացահայտելուն, ինչն արտահայտվել է նրանով, որ մասնակցել է դեպքի վայրի զննությանը և նկարագրել դեպքի մանրամասներն:
Դատարանը որպես ամբաստանյալ Արուսյակ Հակոբյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք, հաշվի է առել, որ նա հանցանքը կատարել է խմբի կազմում, հանցագործության մեջ ունեցել է առանձնապես ակտիվ դեր. նրա մոտ է ծնվել տուժողի բնակարանից հափշտակություն կատարելու գաղափարը, ինչն իրականացնելու նպատակով այդ մասին հայտնել է Արմեն Մուրադյանին, պլանավորել է և դերաբաշխել իրենցից յուրաքանչյուրի գործողությունները, ննջասենյակի զգեստապահարանից վերցրել է ոսկյա զարդերը դրանք դրել իր պայուսակի մեջ և տեղափոխել է բնակարանի միջանցք ու հեռախոսազանգով տեղյակ պահել հանցակցին տուժողի բնակարան նրա մուտք գործելու խոչընդոտն իր կողմից վերացրած լինելու հանգամանքի մասին:
Դատարանը ամբաստանյալ Արմեն Մուրադյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել նրա խնամքին գտնվող կնոջ և երկու մինչև տասնչորս տարեկան երեխայի առկայությունը, այն որ նա ակտիվորեն աջակցել է հանցագործությունը բացահայտելուն, հանցագործությամբ ձեռք բերված գույքը որոնելուն, ինչն արտահայտվել է նրանով, որ նա վարույթն իրականացնող մարմնին հայտնել է գողոնը թաքցնելու վայրը և դրա շնորհիվ է, որ հայտնաբերվել և առգրավվել է հափշտակվածի մեծ մասը: Ա.Մուրադյանը կամովին հատուցել է հանցագործությամբ ձեռք բերված և չհայտնաբերված գույքի արժեքը: Արմեն Մուրադյանը վատառողջ է` ձերբակալվելուց հետո տեղափոխվել է ՙԱրմենիա՚ ՀԲԿ` ՙսրտի իշեմիկ հիվանդություն, լարվածություն ստենոկարդիա՚ ախտորոշմամբ: Համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի 20.11.2012 թվականի թիվ 36/1288 գրության` Արմեն Մուրադյանի հայրը` Խաչիկ Հաբեթի Մուրադյանը, զոհվել է 18.04.1994 թվականին Մարտակերտի շրջանում` մարտական գործողությունների ժամանակ: Արմեն Մուրադյանն անկեխծորեն զղջացել է կատարածի համար և հանդիսանում է ընտանիքի միակ կերակրողը:
Դատարանը վճռել է Արուսյակ Հակոբյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքում և պատիժ նշանակել տուգանք` ՀՀ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի /1.000.000 ՀՀ դրամ/ չափով:
Հաշվի առնելով, որ Արուսյակ Հակոբյանը մինչ դատաքննության ավարտը` գործի քննության ընթացքում, 2 օր եղել է ձերբակաված, ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, նրա նկատմամբ նշանակված պատիժը մեղմացնել` սահմանել տուգանք ՀՀ նվազագույն աշխատավարձի իննհարյուրութսունապատիկի /980.000 ՀՀ դրամ/ չափով: Տուգանքը վճարելու համար սահմանել 3/երեք/ ամիս ժամկետ:
Արմեն Մուրադյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված արարքում և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ պատիժ նշանակել ազատազրկում 1/մեկ/ տարի 6/վեց/ ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
Արմեն Մուրադյանի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի մեջ հաշվակցել գործի նախաքննության ընթացքում նրա ձերբակալված լինելու 3/երեք/ օր ժամկետը և վերջնական պատիժ թողնել կրելու 1/մեկ/ տարի 5/հինգ/ ամիս 27/քսանյոթ/ օր ժամկետով:
Իրեղեն ապացույց ճանաչված և տուժող Իրաիդա Ղուլյանին հանձնված դրամապանակը, ոսկյա զարդերը թվով 4 զույգ ականջօղը, 4 հատ մատանին, երկու կուլոնը, մեկ հատ խաչը, մեկ հատ ժամացույցը թողել է վերջինիս տնօրինությանը:
Ամբաստանյալ Արուսյակ Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրությունը չհեռանալու մասին, թողել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Ամբաստանյալ Արմեն Մուրադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` գրավը, թողել է անփոփոխ:
Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Արմեն Մուրադյանի համար ՙՅունիբանկ՚ ՓԲԸ-ն «Զվարթնոց» մասնաճյուղում Ազատուհի Մուրադյանի կողմից Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի արտաբյուջետային` 900053422011 հաշվին մուծված 1.200.000 ՀՀ դրամ գումարը վերադարձնել Ազատուհի Մուրադյանին:
Արմեն Մուրադյանի պատժի սկիզբը հաշվել է նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net