Հետաքրքիր է իմանալ, որ 2010թ. ապրիլի 1-ին համակարգչային Գեյմսթեյշն (GameStation) խաղերի բրիտանական առցանց-խանութը համաձայնագիր էր տեղադրել համացանցում, որը խաղի գնորդը պետք է կարդար, ստորագրեր, հետո միայն գումար վճարեր և գներ խաղը:
Համաձայնագիրը մի կետ էր պարունակում, ըստ որի` գնորդը միաժամանակ համաձայնություն է հայտնում իր հոգին անժամկետ վաճառել խանութին:
Արդյունքում 7 500 մարդ, որը կազմում է ընդհանուր օգտատերերի 88 տոկոսը, համաձայնվել էին վաճառել իրենց հոգիները:
Նշված փորձարկումը ցույց է տալիս, որ մարդիկ հաճախ չեն ընթերցում համապատասխան փաստաթղթերը մինչև դրանց տակ ստորագրություն դնելը:
ՀՀ օրենսդրության համաձայն` պայմանագիրը գրավոր ձևով կարող է կնքվել կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու, ինչպես նաև փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով փաստաթղթեր փոխանակելու միջոցով, որոնք հնարավորություն են տալիս ճշգրիտ որոշել, որ փաստաթուղթը ելնում է պայմանագրի կողմից:
Հ.Գ. Ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց առաջ անպայման կարդացեք այն, որից հետո միայն ստորագրեք:
Աղբյուրը` Իրավաբան.net