Դավիթ Երիցյանը 07.09.2012թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Սաթենիկ Ասիրյանի` երեխայի հետ շփվելու նոր կարգ սահմանելու պահանջի մասին:
Հայցվորը դիմելով դատարան հայտնել է, որ 2007թ. հունիսի 10-ից պատասխանողի հետ գտնվել է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ: Իրենց ամուսնությունը ՔԿԱԳ մարմնում չի գրանցվել: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեն մեկ երեխա` Էլիզա Դավիթի Երիցյանը` ծնված 06.08.2008թ., որը գտնվում է պատասխանողի խնամքին: Երեխայի հայրությունը իր կողմից ճանաչվել է:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 23.08.2011թ. թիվ ԿԴ1/0505/02/11 վճռով սահմանվել է երեխայի հետ տեսակցության կարգ, այն է` ինքը իրավունք ունի յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի օրը` ժամը 11.00-ից մինչև ժամը 21.00-ը, և շաբաթ օրը` ժամը 11.00-ից մինչև ժամը 21.00-ը, տեսակցել երեխայի հետ` նրան իր տուն տանելով:
Նշված կարգը սահմանելուց հետո տրվել է կատարողական թերթ և Կոտայքի մարզի ԴԱՀԿ ծառայության միջոցով վճռի պահանջը մեծ դժվարությամբ ի կատար է ածվում:
Դա բացատրվում է նրանով, որ ինքը չունի տրանսպորտային միջոց, իսկ երեխային ձեռքին հնարավոր չէ երկար ժամանակ կանգնել ու սպասել հասարակական տրանսպորտին` որը շատ ուշ-ուշ է գալիս:
Ուստի հայցվորը խնդրել է դատարանից թույլատրել երեխայի հետ շփվելու երեք ու կես օր անընդմեջ` գիշերելով, այսինքն յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի ժամը 10:00-ից մինչև կիրակի օրը ժամը 16:00-ն:
Նկատի ունենալով, որ իր հանդիպումը պատասխանողի տանը երեխային վերցնելու ժամանակ մեծ անախորժություններ է առաջացնում` հետագա անախորժություններից խուսափելու ու զերծ պահելու համար` խնդրել է թույլատրել նաև իր ծնողներին, որպեսզի նրանք իրավունք ունենան երեխային գործով պատասխանողից վերցնելու:
Միաժամանակ խնդրել է երեխային վերցնելու և վերադարձնելու կարգը սահմանել ոչ թե պատասխանողի տնից, այլ Աբովյան կամ Երևան քաղաքից:
Դատարանը, առանց որևէ հիմնավոր պատճառաբանության, գտել է, որ հայցը ենթակա է մերժման:
Աղբյուրը` Իրավաբան.net