Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տեղեկություններ է տրամադրում իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց, ինչպես նաև իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների պետական հաշվառման մասին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան: Կոմիտեն գործակալությանը տրամադրում է տեղեկություններ հարկ վճարողների հաշվառման համարների մասին` «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
Այս նորմի կատարումն ապահովելու համար սահմանվել է երաշխիքային նորմ` վարչական պատասխանատվություն նախատեսելով վերոնշյալ պարտականության չկատարման համար:
Այսպես` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պաշտոնատար անձի կողմից իրավաբանական անձի պետական գրանցման, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման կամ լիցենզավորման կամ դրանց հետ կապված համապատասխան փոփոխությունների մասին տվյալները հարկային մարմիններ սահմանված ժամկետում չհայտնելը առաջացնում է տուգանքի նշանակում` 10 000-15 000 դրամի չափով:
Աղբյուրը` Իրավաբան.net