Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Գ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հունիսի 10-ին`ժամը 04-ի սահմաններում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Արարատյան փողոցի 2-րդ նրբանցքի 24 տուն և օգտվելով տանը գտնվող Կարինե Հ.-ի քնած լինելու հանգամանքից` ցանկացել է գողություն կատարել այնտեղից, սակայն նկատելով, որ Կարինե Հ.-ն արթնացել է` ավազակային հարձակմամբ հանցագործությունն ավարտին հասցնելու նպատակով ձեռքերով փակել է նրա բերանը, պահանջել, որ ձայն չհանի, ապա վերցրել Կարինե Հ.-ի տան խոհանոցային դանակն ու դրանով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության սպառնալիքի գործադրմամբ հարձակում է գործել Կարինե Հ.-ի վրա, որի ընթացքում վերջինս բռնել է դանակի շեղբից, ստացել առողջությունը կարճատև քայքայող թեթև մարմնական վնասվածք ու ցավից բղավել, իսկ Արմեն Գ.-ն դիմել է փախուստի` իր հետ տանելով մինչ Կարինե Հ.-ի արթնանալը հափշտակած 1000 ՀՀ դրամը:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net