Սյունիք մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեակնա գործն ըստ մեղադրանքի Հրաչյա Մ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010թ. նոյեմբերի 10-ին` ժամը 19.00-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, թիվ X զորամասի մոտակայքում տեղակայված թիվ 64 ուսումնական կենտրոնում գդալով ընդհանուր ճաշամանից օգտվելու պատճառով վիճաբանության մեջ է մտել նույն զորամասի տանկային վաշտի ժամկետային զինծառայող` Արայիկ Մ.-ին հետ, որի ընթացքում բռունցքով մի քանի անգամ հարվածել է Արայիկ Մ.-ի դեմքին` պատճառելով ծանր մարմնական վնասվածք:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով՝զենք կամ մարմնական վնասվածքներ պատճառելու համար հատուկ հարմարեցված այլ առարկաներ գործադրելով, պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net