Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Գայանե Խ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ծանոթանալով Ս. Սիմոնյանի հետ և տեղեկանալով, որ վերջինս որևէ ժառանգ չունի, բնակվում է կնոջ՝ Ե. Սահակյանի հետ, մտադրվել է վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով տիրանալ նրանց պատկանող բնակարանին։
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության կողմից:
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրեսգրքի 178-րդ հոդվածի՝
1. Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Խարդախությունը, որը կատարվել է՝ 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 1.1) պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2) խոշոր չափերով, 5) կաշառք ստանալու պատրվակով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Խարդախությունը, որը կատարվել է՝ 1) առանձնապես խոշոր չափերով, 2) կազմակերպված խմբի կողմից` պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը`Իրավաբան.net