Ինչո՞ւ էր պահանջում Լեհվազ համայնքի հողամասի գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարել

ՀՀ վարչական դատարանում 31.03.2010թ-ին ստացվել է Աշոտ Մկրտչյանի հայցադիմումն ընդդեմ Սյունիքի մարզի Լեհվազի գյուղապետարանի և ԱԳԿՊԿ Մեղրու տարածքային ստորաբաժանման` Լեհվազի գյուղապետարանին /համայնքի ղեկավար Ս.Զաքարյան/ Լեհվազ համայնքի հողամասի գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարել պարտավորեցնելու պահանջի մասին:

Հայցվորը խնդրել է հատակագծում Ա.Մկրտչյանին վերաբերող մասը հաստատել 44քմ-ով ավելի, որից 40ք-ը /25*1.60/ Ա.Մկրտչյանի և Ս.Զաքարյանի բնակելի տների և հողամասերի սահմանագծում՝ 009 և 010 կոդերի միացման արանքում, Ս.Զաքարյանի շենքի հետնամասում, իսկ 4քմ-ը /8*0.5/` Ա.Մկրտչյանի և համայնքային նշանակության հողամասի սահմանագծում Ա.Մկրտչյանի հողամասում գտնվող ավտոտնակի անկյունագծից սկսած դեպի Ս.Զաքարյանի բնակելի տուն տանող ճանապարհի երկարությամբ:

Հայցվորը իր պահանջը պնդել է իր իրավանախորդ Գոհար Գաբրիելյանի տան տեխնիկական անձնագրի, իր և պատասխանողի սեփականության իրավունքի գրանցման վկայականների, նաև Փորձագետի եզրակացության հիման վրա: Փորձագետի եզրակացությամբ հաստատվել են այն փաստերը, թե հայցվոր Աշոտ Մկրտչյանը փաստացի որքան ավել և փաստացի որքան պակաս հողամաս է օգտագործում իր սեփականության թիվ 1169989 վկայականում նշվածի համեմատ, ինչպես նաև այն, թե Գոհար Գաբրիելյանը (Ա.Մկրտչյանի իրավանախորդը՝ մայրը) փաստացի որքան ավել և փաստացի որքան պակաս հողամաս է օգտագործել իր տեխնիկական անձնագրի համեմատ:

Գոհար Գաբրիելյանի տան տեխնիկական անձնագրի հիման վրա կատարվել է Ա.Մկրտչյանի հողամասի սեփականության իրավունքի պետական գրանցումը, որը չի վիճարկվել: Չի վիճարկվել նաև Սասուն Զաքարյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը: Նշված երկու գրանցումների հիմքում ընկած է սույն գործով վիճարկվող հատակագիծը: Փորձագետի եզրակացությունը վերաբերում է միայն հայցվորի կողմից փաստացի ավել և փաստացի պակաս օգտագործվող հողամասերի չափերին, որը առնչվում է մի կողմից Սասուն Զաքարյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված հողամասին, մյուս կողմից (ճանապարհի կողմից) Լեհվազի համայնքի սեփականությանը: Այսինքն, վերջիններիս սեփականության իրավունքները չվիճարկելու պայմաններում անհնար է հողամասի հատակագծում փոփոխությունների պահանջը բավարարել:

Սույն գործով դատարանը վճռեց հայցը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը ևս որոշեց բերված վերաքննիչ բողոքը մերժել։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել