Ազգային անվտանգության ծառայությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։
«Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս օրենքով կանոնակարգված չէ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը: Սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից կատարվող նկարահանումները տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով, չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից, որն իր հերթին վերջիններիս կողմից նշված գործողությունների վերաբերյալ բողոքի արտահայտման տեղիք է տալիս:
Բացի այդ, տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը կարող է խիստ բացասական անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանմանը, որի կապակցությամբ նպատակահարմար է սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի՝ այդ թվում անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար կիրառել որոշակի սահմանափակումներ:
Սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի՝ այդ թվում անօդաչու թռչող սարքերի օգտագործումն արգելելու նպատակով առաջարկվում է «Պետական սահմանի մասին» օրենքի 221 հոդվածի 1-ին մասի «զ» ենթակետում կատարել համապատսխան լրացում և արգելել առանց համապատասխան թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:
«Պետական սահմանի մասին» օրենքում լրացում մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային շերտում: