«Տուկ-Տուկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության Արաբկիրի բաժնի` պատասխանողի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու, ընկերությանը պատճառված վնասը հատուցելուն պարտավորեցնելու, այդ թվում` 98.534 դրամ Դ.Խանդանյանի անձնագրի մեջ ոչ պատշաճ գրառում կատարելու հետևանքով կատարված լրացուցիչ ծախսեր, փաստաբանին վճարման ենթակա 100.000 դրամ, վճարված պետական տուրքի գումար` 4000 դրամ, բռնագանձելու պահանջների մասին։
Դիմելով դատարան` հայցվորը հայտնել է, որ 05.08.2011թ.` ժամը 11:00-ին, ընկերության փոխտնօրեն Դ.Խանդանյանը «Զվարթնոց» օդանավակայանից ՖԶ-716 չվերթով պետք է մեկներ Դուբայ` գործարար հանդիպման և պետք է վերադառնար օգոստոսի 14-ին ՖԶ-715 չվերթով։ Ուղևորության համար տոմսերը պատվիրվել և ձեռք են բերվել «Ինգո Թրավել» ընկերությունից, վճարումը կատարվել է «Տուկ-Տուկ» ՍՊԸ-ի կողմից։ Վճարվել է ոչ միայն տոմսերի, այլև Դուբայի օդանավակայանում դիմավորելու, հյուրանոց տեղափոխելու և հյուրանոցում մնալու համար։
Հանրապետությունից մեկնելու համար դեռևս 2011թ. հուլիսի 14-ին Դ.Խանդանյանը 1000 դրամ պետական տուրքի անդորրագիրը և իր ԱՀ … անձնագիրը հանձնել է Երևանի Արաբկիրի անձնագրային բաժին, օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշում կատարելու համար։ 2011թ. հուլիսի 19-ին անձնագիրը վերցնելու ժամանակ պարզվել է, որ վավերականության վերաբերյալ կատարված նշումը` «2012» տարեթվի վերջին «2» նիշը կատարվել է ուղղումով։ Այդ մասին Դ.Խանդանյանը հայտնել է բաժնի աշխատակցուհի Լ.Գրիգորյանին` նշելով, որ օդանավակայանում կարող է խնդիր առաջանալ, առաջարկել է նոր գրառում կատարել։ Անձնագրային բաժնի աշխատակցուհին պատասխանել է, որ խնդիր չի առաջանա, որ կասկած լինելու դեպքում օդանավակայանում համակարգչով կստուգեն և կհամոզվեն, որ գրառումը իրականում «2012» է։
2011թ. օգոստոսի 5-ին` ժամը 9-ից մինչև 10-ը, «Զվարթնոց» օդանավակայանում ՖԶ-716 չվերթով անհրաժեշտ գրանցումը կատարելուց, ուղեբեռը հանձնելուց հետո սահմանապահ ծառայությունը Դ.Խանդանյանին թույլ չի տվել նստել ինքնաթիռ, նրա անձնագրի մեջ վերը նշված թվի գրառման ուղղված լինելու պատճառով, նրա ուղեբեռը վերադարձվել է։
Պատասխանողի ներկայացուցիչը, առարկելով ներկայացված պահանջի դեմ, հայտնեց, որ «Տուկ-Տուկ» ՍՊ ընկերությունը չի կարող հանդիսանալ պատշաճ հայցվոր, քանի որ օտարերկրյա պետություններում վավերականությունը հաստատող կնիքի ժամկետի տարեթիվը նշվել է Դ.Խանդանյանի անձնագրում, ուստի գործի վարույթը պետք է կարճել։
Նաև հայտնեց, որ Դավիթ Խանդանյանի անձնագրում կատարված ուղղումը Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արաբկիրի բաժնի կողմից չի կատարվել։ Դրա ապացուցման բեռը կրում է հայցվոր կողմը։շ
ՀՀ վարչական դատարանը վճռեց հայցը բավարարել:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության կողմից բերված վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի սույն գործով կայացրած վճիռն ամբողջությամբ բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Գործի քննությունը ներկայումս շարունակվում է ՀՀ վարչական դատարանում:
Աղբյուրը` Իրավաբան.net