Մի շարք չարաշահումներ Շիրակամուտի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրենի կողմից

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Հմայակ Մ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Հմայակ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1989 թվականից աշխատելով Շիրակամուտի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, 2008-2009թթ. 2-րդ կիսամյակից ուսումնական հաստատության տարիֆիկացիոն մատյանները կազմելիս, քրոջ՝ Հայկուշ Մ.-ի և աներորդի Հովհաննես Կ.-ի անձնական տվյալների դիմաց գրառել է բարձր դրույքաչափ, որի հետևանքով մինչև 2010-2011 ուստարվա ավարտը վերջիններիս տրվել է նախատեսվածից 949140 ՀՀ դրամ ավել գումար: Բացի այդ, նա, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է «Շիրակամուտի թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի միջոցներով 2008 թվականի դեկտեմբեր ամսին «Փայտշին» ՍՊԸ-ից գնված ընդհանուր 484000 ՀՀ դրամ արժողության 7 հատ գրասեղանները: Բացի այդ, նա հանդիսանալով պաշտոնատար անձ, 2009-2010թթ. ընթացքում շահադիտական նպատակով կազմելով դպրոցի արհեստակցական միության ժողովի արձանագրության կեղծ քաղվածքներ և դրանք ներկայացնելով ՀՀ ԿԳ աշխատողների արհմիության Սպիտակի տարածքային միություն` ստացել և խաբեության եղանակով հափշտակել է հիշյալ դպրոցի աշխատողներին որպես օգնություն տրված 120000 ՀՀ դրամը:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն հեռանալու մասին:

Գործով մեղադրանքը դատարանում պաշտպանվում է Լոռու մարզի դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը`իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել