Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 13-ին շարունակվեց պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատաքննությունը: Դատաքննությունը մտել է դատական վիճաբանութունների փուլ: Այսօր մեղադրող կողմը հանդես եկավ մեղադրական ճառով: Մոտ երեք ժամ պահանջվեց մեղադրողներ Հարություն Հարությունյանից և Հայկ Հարոյանից ընթերցելու քառասուն էջանոց ճառը:
Մեղադրող Հարությունյանը դատարանին միջնորդեց ամբաստանյալ Հակոբ Մանուկյանին դատապարտել 13 տարի ազատազրկման, ամբաստանյալներ Վահագն Հայրապետյանին, Մխիթար Մխիթարյանին և Ադիբեկ Հովհաննիսյանին չորսական, իսկ Հարութիկ Կիրակոսյանին երկու տարի ազատազրկման:
Հիշեցնենք, որ հինգ ամբաստանյալները մեղադրվում են 31-ամյա սպա Արտակ Նազարյանին «ինքնասպանության հասցնելու» մեջ, մինչդեռ տուժող կողմը դատաքննության ընթացքում բազմիցս պնդել է, որ Արտակ Նազարյանին սպանել են:
Հաջորդ դատական նիստը մարտի 26-ին է:
Հանրային թղթակից` Վահագն Թամրազյան
Աղբյուրը` Իրավաբան.net