Ռեանիմացիայում գտնվող մեկ պացիենտի համար շուրջ 1 միլիոն դրամ է ծախսվում․ նախարար

Կորոնավիրուսով հիվանդ և ռեանիմացիայում գտնվող մեկ պացիենտի համար շուրջ մեկ միլիոն դրամ է ծախսվում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարում հիվանդանոցների հետ կապված ծախսեր կատարել է ինչպես նախարարությունը, այնպես էլ՝ ողջ պետական ապարատը, դրանք կատարվել են նաև պահուստային ֆոնդերից ու գործող ծրագրերից։

Թե մեկ հիվանդի բուժման համար որքա՞ն գումար է ծախսվում, նախարարը նշեց․ «Այս հարցի պատասխանը չկա, որովհետև հիվանդները բուժվում են տարբեր բժշկական հաստատություններում, տարբեր անձնակազմերով և տարբեր հագեցվածությամբ։ Այդ բժշկական հաստատությունները ֆինանսավորվում են հիմնականում պահպանման ծախսերով և կախված հիվանդանոցային մահճակալների զբաղվածությունից, շատ մոտավոր կարելի է ասել, թե այս բժշկական հաստատությունում մեկ պացիենտի միջին ծախսն ինչքան է, մեկ այլ պացիենտինը՝ ինչքան։ Սակայն նաև կան հաստատված գներ մեր կողմից, որոնցով մենք վճարում ենք այն բժշկական կենտրոններին, որոնք ամբողջությամբ չէ, որ զբաղվում են կորոնավիրուսային հիվանդությամբ, այլ ունեն կորոնավիրուսային բաժանմունքներ․ եթե չեմ սխալվում, մեկ ռեանիմացիոն պացիենտի համար, միջին հոսպիտալացման տևողությամբ, 1 միլիոն դրամ գումար է ստացվում»,-մանրամասնեց նախարարը։

Արսեն Թորոսյանը հավելեց, որ դրանք գաղտնի թվեր չեն և առաջիկայում կհրապարակվեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել