Ճի՞շտ էր պարտավորեցման հայց ներկայացնելը

«Ջենկոն Սերվիս Ինտերնեյշնլ» փակ բաժնետիրական ընկերությունը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի` «Ջենկոն Սերվիս Ինտերնեյշնլ» փակ բաժնետիրական ընկերության 20.08.2011 թվականի թիվ 131 բողոքի հիմքով բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին։

Ընկերությունը 2011թ. օգոստոսի 20-ի թիվ 131 գրությամբ դիմել է Կոմիտեի նախագահին և հայտնել, որ Արաբկիրի հարկային տեսչությունը 06.07.2011թ. և 21.07.2011թ. դիմել է Ընկերությանը և առաջարկել օգտվել «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով ընձեռնված հնարավորությունից։ Հայտնել է նաև, որ Ընկերությունը համապատասխան գրությամբ դիմել է Արաբկիրի հարկային տեսչությանը` իր հարկային պարտավորությունները վերահաշվարկելու և օրենքի պահանջները կիրառելու համար, մինչդեռ վերջինս որևէ գործողություն չի իրականացրել։ Այդ գրության մեջ նշվել է նաև, որ Ընկերության ներկայացուցիչը անձամբ այցելել է Արաբկիրի հարկային տեսչություն և իրավաբանական բաժնի աշխատակիցների և պետի հետ հանդիպումով պայմանավորվել է պայմանագիր-ժամանակացույց կազմելու մինչև 31.12.2009 թվականը եղած ապառքների մարման վերաբերյալ, սակայն Արաբկիրի հարկային տեսչությունն այդ պայմանավորվածությունը խախտել է և ժամանակացույց չի հաստատել Ընկերության հետ, որից հետո արդեն Ընկերությանը սնանկ ճանաչելու հայց է ներկայացրել դատարան։
Դրանից ելնելով` խնդրել է Կոմիտեի նախագահի միջամտությունը` Արաբկիրի հարկային տեսչության կողմից օրենսդրական և բարոյական նորմերը գերազանցող ապօրինի գործողությունների կանխարգելման հարցում։

Կոմիտեն 06.10.2011 թվականին Ընկերությանը պատասխանել է, որ իր դիմումին պատասխան է տրվել դեռևս 31.08.2011 թվականի թիվ 11-2/6177-11 գրությամբ։ Միաժամանակ հայտնվել է, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետով, նմանատիպ հարցերին վերաբերվող հետագա դիմումներին այլևս պատասխան չի տրվի։

Անկախ այն հանգամանքից, թե Ընկերության կողմից ինչ դիմում է ներկայացվել Արաբկիրի հարկային տեսչությանը, ինչպես նաև նրանից, թե 05.08.2011 թվականին նրա ներկայացուցիչը Արաբկիրի հարկային տեսչության իրավաբանական բաժնի աշխատակիցների հետ ինչ հարցի շուրջ է պայմանավորվածության եկել, որը վերջիններս չեն կատարել, դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից ներկայացված պահանջը չի կարող բավարարվել, հետևյալ պատճառաբանությամբ։

Պահանջելով Ընկերության 20.08.2011 թվականի թիվ 131 բողոքի հիմքով վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու վճիռ կայացնել, հայցվորն ըստ էության ներկայացրել է պարտավորեցման հայց։ Կոմիտեի իրավաբանական վարչության պետը 06.10.2011 թվականի թիվ 11-2/7124-11 գրությամբ Ընկերությանը պատասխանել է, որ իր կողմից բարձրացված հարցին սպառիչ պատասխան արդեն իսկ տրվել է։ Դրանից հետևում է, որ դեռևս 2011թ. հոկտեմբեր ամսին Ընկերությունն արդեն իսկ իրազեկված է եղել իր դիմումին պատասխան տրված լինելու մասին։ Դրանից հետո նա դատարան հայց կարող էր ներկայացնել ոչ ուշ, քան Կոմիտեի պատասխանը ստանալուց հետո` 2 ամսվա ընթացքում, որը պետք է լիներ 2011թ. դեկտեմբերի 31-ից ոչ ուշ։ Սույն գործի փաստերը վկայում են այն մասին, որ Ընկերությունը հայցը ներկայացրել է 2011թ. սեպտեմբերի 27-ին, այսինք` ավելի շուտ, քան Կոմիտեի կողմից իր դիմումի կապակցությամբ պատասխան ստանալը։

Դատարանը գտել է, որ հայցը բավարարման ենթակա չէ, քանի որ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու մասին պահանջ ներկայացնելով, այնուամենայնիվ հայցվորը չի նշել, թե որոշակիորեն ինչ վարչական ակտ է պահանջում, որ Կոմիտեն ընդունի։Ուստի դատարանը վճռեց Վարչական գործի վարույթը, ըստ հայցի` «Ջենկոն Սերվիս Ինտերնեյշնլ» փակ բաժնետիրական ընկերության` ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի` «Ջենկոն Սերվիս Ինտերնեյշնլ» փակ բաժնետիրական ընկերության 20.08.2011 թվականի թիվ 131 բողոքի հիմքով բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին, կարճել։

Ներկայումս սույն գործի քննությունը, Հայկ Եղիազարյանի վերաքննիչ բողոքի հիման վրա, շարունակվում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել