30 տարվա կոռուպցիոներները հիմա ընդդիմություն են․ Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը այսօր ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներորդ միջոցառումը և դրա շրջանակներում աջակցության տրամադրման կարգը։ Պայմաններից մեկն այն է, որ Սոցիալական ապահովության ծառայության պաշտոնական կայքէջում հրապարակվելու են սույն միջոցառման շրջանակներում աջակցություն ստացած անձանց վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝
1) աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը.
2) գործատուի ՀՎՀՀ-ն, անվանումը.
3) ամփոփ տեղեկատվություն Տուժած ոլորտների գործատուների թվաքանակի, աջակցություն ստացած աշխատողների և նրանց վճարված գումարների և վերաբերյալ։

Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը նշեց, որ այստեղ կարող է խնդիր առաջանալ անձնական տվյալների պաշտպանության հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սակայն այս դիտարկման հետ համաձայն չէ։

«Անձնական տվյալները պաշտպանում են շատ սրբորեն, դրա համար հանրության մի ստվար զանգված չի հավատում, որ ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած մարդիկ կան, չի հավատում, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող մարդիկ կան, չի հավատում, որ իրանց կողքի շենքերում կորոնավիրուսով հիվանդ մարդիկ կան։Երբ ոստիկանությունը որևէ մեկին բերման է ենթարկում, ինչ-որ մեկը մտնում է ուղիղ եթեր, ցույց է տալիս, այդ ժամանակ ոչ մեկ չի հիշում, որ անձնական տվյալի գաղտնիության խնդիր կա։ Իսկ երբ ցույց ես տալիս քաղաքացու կան մարդու ցուցաբերած օրինախախտումը, լկտի վերաբերմունքը ոստիկանութայն աշխատողի հետ, ասում են՝ բա անձնական տվյալները խախտել եք»,-նշել է Փաշինյանը։

Նա  նաև հավելեց՝ ով չի ցանկանում իր անունը հրապարակվի, թող չդիմի։ Վարչապետը հորդորեց նաև Առողջապահության նախարարին հրապարակել ոչ թե փողոցների անունները, որտեղ կորոնավիրուսի բռնկում կա, այլ հրապարակել հասցեները։

«Ով չի հավատում, թող գնան տեսնեն։ Էլ չեմ ասում, որ երբ սահմանափակումներ էինք դրել կորոնավիրուսի հետ կապված ինֆորմացիա տարածելու, էդ էլ պարզվեց խոսքի իրավունքն ենք խախտում։ Հիմա չենք խախտում, ով ինչ հիմարություն ասես ասում։ Կորոնավիրուս չկա, վթարից ենթարկվածների հարազատներին փող են տալիս, որ իրանք համաձայնվեն, որ իրենց հարազատը կորոնավիրուսից է մահացել․․․Մի հատ էլ կառույցներ կան, որոնք 30 տարի Հայաստանին ասել են՝ պայքարեք կոռուպցիայի դեմ, պայքարեք ընտրակաշառքների դեմ, պայքարեք ընտրակեղծիքների դեմ։ Հիմա, որ ռեալ պայքար է սկսվել, ասում են՝ վայ, ինչու եք ընդդիմությանը ճնշում։ Բա 30 տարվա կոռուպցիոներները հիմա ընդդիմություն են։ Շատ լավ ձև ա, ես ընդդիմություն եմ, ինձ բան մի ասեք»,-նշել է Փաշինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել