Առաջիկայում քաղաքացիները կկարողանան դիմակները ձեռք բերել 60-70 դրամով. Նիկոլ Փաշինյան

Մեկնարկել է կառավարության հունիսի 18-ի նիստը։ Նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձ կատարեց ՀՀ-ում կորոնավիրուսային իրավիճակին։

«Մեզ չի հաջողվում թվերը իջեցնել։ Մենք գիտեք դրա պատճառը․ հակահամաճարակային կանոնները չեն պահպանվում և մենք ստիպված ենք ավելի խիստ միջոնցներ կիրառել։ Գիտեք, որ պարետատունը որոշում է կայացրել անձնագիր չունենալու դեպքում տուգանել։ Եթե, օրինակ՝ դիմակ չկրելու ընթացքում անձը չունի փաստաթուղթ, նրան վարչական պատասխանատվության ենթարկելու պրոցեսը ավելի երկար է տևում, պետք է լինում նրան բաժին տանել, իսկ այս վարչական լծակը գործընթացը ավելի արդյունավետ է դարձնում։ Եթե անձը չունի դիմակ և անձնագիր, դա 2 առանձին վարույթով է քննվելու, 2 առանձին տուգանք է նշանակվելու»,-նշում է Փաշինյանը։

Վարչապետը խոսել է նաև ծառայություններ մատուցող կազմակերպություններում հերթերի մասին։ Փաշինյանի խոսքով՝ կան բազմաթիվ լավ օրինակներ, թե ինչպես պետք է հետևել հերթի պահպանմանը՝ ինչպես կառույցի ներսում, այնպես էլ դրսում։

«Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ վարակի տարածման հիմնական աղբյուր են հանդիսանում բակերը և մոտ հասցեները։ Ձևավորվել են հատուկ կարգախմբեր, որոնք վերահսկողական գործառույթներ են իրականացվելու։ Շուկայում տեղի է ունեցել դիմակների էական գնանկում։ Առաջիկայում քաղաքացիները կկարողանան դիմակները ձեռք բերել 60-70 դրամով։ Արդեն գիտականորեն հաստատված է, որ դիմակի կրում և սոցիալական հեռավորության պահպանումը՝ ներառված ձեռքերի պարբերաբար ախտահանմամբ, 95 և ավելի տոկոսով նվազեցնում է վարակի տարածումը»,-նշում է Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ այսօր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 665 նոր դեպք, ապաքինվել է ևս 746 մարդ, հայտնում են ԱՆ-ից։

Արձանագրվել է մահվան 7 դեպք: Պացիենտները եղել են 62 (տղամարդ), 65 (կին), 70 (տղամարդ), 79 (կին), 64 (կին), 85 (տղամարդ) և 76 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել