Մամիկոն Ասլանյանի խոսքով ՄԻՊ-ի զեկույցը սուբյեկտիվ է

Կոռուպցիայից, ստվերից դուրս գալու, մարդկանց սպասարկելու վարվելակերպի հետ կապված վերջին տարվա ընթացքում բավականին մեծ դրական փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ նոտարական պալատում: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանը:

Նրա կարծիքով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակված զեկույցում նոտարական գրասենյակներին վերաբերող երեք կետերից առաջին երկուսը սուբյեկտիվ դիտարկում է, իսկ մյուս մեկի շարադրման համար ընդամենը մեկ դիմում է եղել:

Հիշեցնենք, որ ՄիՊ-ն իր զեկույցում նշել էր, որ  բազմաթիվ են դեպքերը, երբ նոտարական գրասենյակներում գոյանում են հերթեր և կուտակումներ:

Շարունակում են չհստակեցված մնալ նոտարական ծառայությունների դիմաց գանձվող վճարների սակագները, որն էլ իր հերթին նպաստում է կոռուպցիոն դրսևորումներին:

Ստացվել են բազմաթիվ բողոքներ առ այն, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող նոտարների կողմից ձևավորվել էր անօրինական պրակտիկա, համաձայն որի` փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկությունը վավերացնելու գործընթացի արդյունքում նոտարների մոտ չեն պահվում տվյալ փաստաթղթերի օրինակները: Արդյունքում անձինք ստիպված են եղել կրկին անգամ կատարել համապատասխան վճարումներ:

Մամիկոն Ասլանյանն Իրավաբան.net-ին փոխանցեց, որ միայն Երևան քաղաքում 40 նոտար կա և իրենց շրջայցերի ժամանակ հերթեր ոչ մի տեղ չեն եղել: Նոտարների մոտ ո´չ մեծ ծանրաբեռնվածություն կա, ո´չ երբևէ շատ հերթեր են առաջանում:

«Ասենք, մարդը մտնում է մի խանութ, բայց այդ խանութում հերթ է ու ինքն էլ չի ուզում այլ խանութ գնալ, քանի որ նախընտրում է այդտեղից գնումներ կատարել, նույնն էլ նոտարների դեպքում է, քանի որ երկուսն էլ ձեռնարկատիրական գործունեություն են իրականացում: Մարդկանցից շատերն ունեն իրենց նախընտրելի նոտարը, որի մոտ են միշտ գնում գործողություն անելու: Ի˚նչ է նշանակում հերթ: Եթե անգամ նոտարական գրասենյակում երեք մարդ կա, ապա չսպասելու համար մարդը հեշտությամբ կարող  է այլ նոտարական տարածք գնալ, հատկապես, որ յուրաքանչյուր նոտարական գրասենյակում առկա բուկլետներում կան բոլոր անհրաժեշտ տվյալները նոտարական գրասենյակների վայրերի և այլնի հետ կապված: Անձը հեշտությամբ կարող  է այլ նոտարի մոտ գնալ»,- հայտնեց Մամիկոն Ասլանյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ անցյալ տարի 12 նոտար է ավելացել: Հանրապետությունում մոտավորապես 30 հազար մարդու 1 նոտար է բաժին ընկնում:

2011 մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված թիվ 733Ն որոշմամբ նոտարի կողմից մատուցվող ծառայությունների սակագների միջև առկա մեծ միջակայքերը նվազեցվեցին հնարավորինս բացառելով կոռուպցիոն ռիսկերը:

«Ճանապարհային ոստիկանը 10-30 հազար ակտավորում է իրականացնում, իսկ նոտարի կողմից մատուցվող ծառայությունների սակագների միջև առկա միջակայքն ամենաշատը 5000 դրամ է:  Մանավանդ, որ օրենքը թույլ է տալիս նոտարին ինքը որոշել իր կողմից մատուցվող ծառայությունների սականգները՝ իհարկե որոշակի գնային տիրույթում և յուրաքանչյուր գործարքի 20 տոկոսը գանձվում է պետության կողմից»,- Իրավաբան.net-in տեղեկացրեց Նոտարական պալատի նախագահը:

Իսկ ինչ վերաբերում է փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկությունը վավերացնելու գործընթացի արդյունքում նոտարների մոտ փաստաթղթերի օրինակները չպահելուն, Մամիկոն Ասլանյանը նշեց, որ դա օրենքի բացն է և, երբ 2011 թվականին բարձրաձայնվեց այդ խնդիրը, այդ ժամանակվանից սկսված նոտարները պահպանում են:

Նոտարական պալատի նախագահը նշեց՝ զարմանալի է, որ Մարդու իրավունքների պաշտպանը այդ ոլորտում չի նկատել ոչ մի դրական փոփոխություն: Նրա խոսքով՝ ավելի աղաղակող բաներ կան մեր երկրում, որ կարելի է դրանց վրա ուշադրություն դարձնել:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել