Կենսաթոշակի չափը չի ավելանա

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական իրավունքները կարող են ծագել քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանող դատական ակտից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-190-րդ հոդվածների համաձայն` իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումները դատարանի կողմից քննության են առնվում, եթե դրանք առաջացնում են իրավական հետևանքներ և եթե դիմողները հնարավորություն չունեն արտադատարական կարգով ստանալու կամ վերականգնելու այդպիսի փաստերը հաստատող փաստաթղթերը։

Նույն օրենսգրքի 191-րդ հոդվածի համաձայն` իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումում պետք է նշվի, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաև բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատելու ապացույցներ։

Դատարանը, Գառնիկ Գևորգյանի դիմումը քննության առնելով, պարզեց, որ վերջինս ծնվել է 1938 թվականին։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Էջմիածնի սոցիալական ապահովության տարածքային բաժնի կողմից 16.02.2012 թվականին տրված թիվ 19171 վկայականի համաձայն` Գառնիկ Ավանեսի Գևորգյանի կենսաթոշկի տեսակը տարիքային է, ստաժի չափը` 38 տարի, 3 ամիս և 13 օր, ստանում է 34.546 ՀՀ դրամ կենսաթոշակ։ Թոշակի անցնելու ժամանակ աշխատանքային ստաժը հաշվել են 1964 թվականից։ Ներկայումս դիմողը դատարանից խնդրում է հաստատել այն փաստը, որ 1953-1958 թվականներին աշխատել է Անգեղակոթ գյուղի «Պրոլետար» կոլտնտեսությունում` որպես շարքային կոլտնտեսական, քանի որ արխիվի բացակայության պայմաններում ինքը զրկված է այլ կերպ իր աշխատանքային ստաժը հաստատելու հնարավորությունից։ Համաձայն Հայաստանի Ազգային արխիվի Սիսիանի տարածքային ներկայացուցչության 26.09.2012 թվականի թիվ 231 արխիվային տեղեկանքի` ՀՀ ազգային արխիվի Սիսիանի տարածքային ներկայացուցչությունում պահպանվող Սիսիանի շրջանի Անգեղակոթի կոլտնտեսության կոլտնտեսականների աշխօրերի և աշխատանքային հաշվառման մատյանները լրիվ համալրված չեն, պահպանված են մասամբ։ Այն հանգամանքը, որ դիմողն աշխատել է Անգեղակոթ գյուղի նախկին «Պրոլետար» կոլտնտեսությունում` որպես շարքային կոլտնտեսական, հաստատել են նաև իր հետ կոլտնտեսությունում աշխատած համագյուղացիները` իրենց հայտարարություններով։ 1953 թվականին, երբ ինքն աշխատել է, եղել է անչափահաս։ Ներկայումս հնարավորություն չունի, բացի դատարանից, այլ կարգով հաստատելու այն փաստը, որ ինքը 1953-1958 թվականներին աշխատել է Անգեղակոթ գյուղի նախկին «Պրոլետար» կոլտնտեսությունում, իսկ դա իր համար ունի իրավաբանական նշանակություն` առանց այդ փաստի հաստատման չի կարող ավելացվել իր կենսաթոշակը։
Նշենք, որ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ հատուկ վարույթի գործերն ուղղված են սուբյեկտիվ իրավունքների իրականացման խոչընդոտների վերացմանը։

«Պետական կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` տարիքային կենսաթոշակի իրավունք ունի 63 տարին լրացած անձը՝ 25 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում։

Նույն օրենքի 47-րդ հոդվածի համաձայն` մինչև օրենքն ուժի մեջ մտնելը և անհատական հաշվառման բազայի ձևավորումը ապահովագրված անձի ունեցած աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է, իսկ 1992 թվականի հունվարից սկսած՝ նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ կատարելը հաստատող փաստաթուղթը։ Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող` օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում՝ դատական կարգով։ Պահանջվող (25 տարի) ապահովագրական ստաժի առկայության դեպքում ստաժը դատական կարգով չի հաստատվում։ Դատական կարգով ստաժը կարող է հաստատվել պահանջվող ստաժի պակասող մասը, սակայն տասը տարվա ստաժից ոչ ավելի։

Այսինքն դատական կարգով հաստատման ենթակա է պահանջվող 25 տարվա ապահովագրական ստաժի պակասող մասը։ Իսկ դիմումատուի ստաժը կազմում է 38 տարի, 3 ամիս, 13 օր։ Փաստորեն, պահանջվող 25 տարվա ապահովագրական ստաժն արդեն առկա է, հետևաբար դիմումատուի 1953 թվականից մինչև 1958 թվականի ստաժը դատական կարգով հաստատման ենթակա չէ։

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել