«Հողակտորը» առողջությանը լուրջ վնաս է պատճառել

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Ռոբերտ Ք.-ի և Լևոն Մ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Ռոբերտ Ք.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հունիսի 05-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում Երևանի Ն.Չարբախ թաղամասում գտնվող հողակտորի մոտ, շինարարության հետ կապված հարցերի շուրջ վիճաբանել է Լևոն Մ.-ի հետ, որի ընթացքում բռունցքով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս զույգ ստորին կոպերի, քթի, մեջքի, կրծքավանդակի առաջային մակերեսի արյունազեղումների, քթի ոսկրերի տեղաշարժված, աջ ճաճանչոսկրի տիպիկ տեղի չտեղաշարժված կոտրվածքների, փակ գանգուղեղային վնասվածքի ձևով պատճառելով առողջությունը տևական քայքայող, միջին ծանրության վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ:

Լևոն Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հունիսի 05-ին, ժամը 10;00-ի սահմաններում Երևանի Ն.Չարբախ թաղամասում գտնվող հողակտորի մոտ, շինարարության հետ կապված հարցերի շուրջ վիճաբանել է Ռոբերտ Ք.-ի հետ, որի ընթացքում բռունցքով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա դեմքին՝ վերջինի քթի ոկրերի կոտրվածքի, ձախ ստորակնակապճային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի ձևով պատճառելով առողջությունը կարճատև քայքայող, թեթև ծանրության վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ։

Գործով երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Դատարանում մեղադրանքի պաշտպանությունը իրականացվում է Շենգավիթ վարչական շրջանի դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել