Գնորդը, ում վաճառվել է անպատշաճ որակի ապրանք, եթե դրա թերությունների մասին վաճառողը նախապայման չի սահմանել, իր ընտրությամբ իրավունք ունի պահանջել կատարելու ստորև նշված գործողություններից որևէ մեկը`
1) անորակ ապրանքը փոխարինելու պատշաճ որակի ապրանքով.
2) համաչափորեն իջեցնելու ապրանքի գինը.
3) անհապաղ և անհատույց վերացնելու ապրանքի թերությունները.
4) հատուցելու ապրանքի թերությունները վերացնելու ծախսերը:
Գնորդն իրավունք ունի պահանջել` փոխարինելու տեխնիկապես բարդ կամ թանկարժեք ապրանքը միայն դրա որակին առաջադրվող պահանջների էական խախտման դեպքում:
Այն ապրանքի թերությունները հայտնաբերելու դեպքում, որի հատկությունները թույլ չեն տալիս վերացնել դրանք (պարենային ապրանք, կենցաղային քիմիայի ապրանք և այլն), գնորդը, իր ընտրությամբ, իրավունք ունի պահանջել փոխարինելու նման ապրանքը պատշաճ որակի ապրանքով կամ համաչափ իջեցնելու գինը:
Վերը նշված պահանջները ներկայացնելու փոխարեն գնորդն իրավունք ունի հրաժարվել մանրածախ առուվաճառքի պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու ապրանքի համար վճարված գումարը: Ընդ որում, գնորդն իր ստացած անպատշաճ որակի ապրանքը պետք է վերադարձնի վաճառողի պահանջով և նրա հաշվին:
Ապրանքի համար վճարված գումարը գնորդին վերադարձնելիս, վաճառողն իրավունք չունի դրանից պահելու այն գումարը, որի չափով նվազել է ապրանքի արժեքը` դրա լրիվ կամ մասնակի օգտագործման, ապրանքային տեսքի կորստի կամ այլ համանման հանգամանքների հետևանքով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net