Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները գործում են ազատորեն` իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա:
Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Այս նորմերի իրականացումն ապահովելու նպատակով օրենսդիրը Քրեական օրենսգրքում սահմանել է հատուկ հանցակազմ` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով լրագրողների` որպես մասնագիտական գործունեություն իրականացնող անձանց իրավունքների պաշտպանությանը:
Այսպես` 1. լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը պատժվում է տուգանքով՝ 200 000-400 000 դրամի չափով:
2. Նույն արարքները, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով պատժվում են տուգանքով՝ 400 000 -700 000 դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Վերը նշված առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում են ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:
Աղբյուրը` Իրավաբան.net