Զինվորները դատապարտվեցին 1 տարի ազատազրկման

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Հարություն Պ-ի:


Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ X զորամասի ժամկետային զինծառայող, համածառայակիցներ Նարեկ Ս-ի, Վահե Պ-ի, Սերգո Մ-ի, Տիգրան Կ-ի և Գևորգ Խ-ի հետ միասին 14.10.2011թ. խախտելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքային կանոնները, զորամասի հրետանային դիվիզիոնի զորանոցում, առանց որևէ պատճառի, պատիվն ու արժանապատվությունը ստորացրել և բռնություն են գարծադրել նույն զորամասի ժամկետային զինծառայող Սամվել Պ-ի նկատմամբ:

Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հարություն Պետրոսյանը և նրա համածառայակիցները նախկինում դատվածություն չունեն:

2012 թվականի օգոստոսի 23-ին կայացել է նշված գործով դատական նիստը: Նիստում մեղադրյալներ Վահե Պ-ն, Նարեկ Ս-ն, Տիգրան Կ-ն և Սերգո Մ-ն իրենց լիովին մեղավոր են ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում, հրաժարվել են ցուցմունք տալուց և դատավարության մասնակիցների հարցերին պատասխանելուց: Մեղադրյալ Գևորգ Խ-ն նույնպես հրաժարվել է ցուցմունք տալուց և դատավարության մասնակիցների հարցերին պատասխանելուց, սակայն ՀՀ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով իրեն մեղավոր չի ճանաչել:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները հաստատում են մեղադրյալների մեղավորությունը:

Դատարանը վճռել է Վահե Պ-ին, Նարեկ Ս-ին, Տիգրան Կ-ին, Սերգո Մ-ին և Գևորգ Խ-ին ճանաչել մեղավոր ՀՀ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտել 1 տարի ազատազրկման:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել