Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արթուր Դ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ X զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային 19.10.2012թ. զորամասի շտաբի դիմաց, այնուհետև շտաբում, վիրավորել և ապտակել է իր նկատմամբ պետ հանդիսացող մայոր Սամվել Խաչատրյանին` անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:
Մինչ դատաքննությունը սկսելը ամբաստանյալը միջնորդեց դատարանին դատական քննություն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ միջնորդությունը ներկայացնում է կամավոր, խորհրդակցելով պաշտպան հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն իրականացնելու իրավական հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ և իրեն լիովին մեղավոր է ճանաչում:
Դատարանը վճռեց Արթուր Դ.-ին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2–րդ մասով նախատեսված հանցանքում և դատապարտել կալանքի 1 /մեկ/ ամիս ժամկետով, որը պետք է կրի ՀՀ Պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարանում:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net