Արմավիրի մարզի բնակիչ Հակոբ Վարդանյանը Սվետլանա Հովսեփյանի հետ համատեղ բիզնես ծավալելու կեղծ խոստումով` չարաշահելով նրա վստահությունը, 2009թ. դեկտեմբերից մինչև 2010թ. մայիսը խաբեությամբ վերջինիցս հափշտակել է առանձնապես խոշոր չափի` 7.680.000 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար գումար:
Այնուհետև, խարդախության եղանակով ուրիշի գույքի խոշոր չափի հափշտակություն կատարելու նպատակով, 2010թ. ապրիլի 2-ին բնակարան գնելու համար հիպոթեքային վարկի կանխավճար բանկում վճարելու կեղծ խոստումով Ավետիք Աբրոյանից խաբեությամբ հափշտակել է 4500 ԱՄՆ դոլար գումար:
Բացի այդ, բջջային հեռախոսներ բերելու և վաճառելու կեղծ խոստումով` չարաշահելով Գագիկ Անտոնյանի վստահությունը, 2010թ. ապրիլից մինչև մայիսը վերջինիցս հափշտակել է խոշոր չափի` 5200ԱՄՆ դոլար գումար:
Այս գործը քննվում է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Բարձրագույն կրթությամբ, խնամքին երկու մինչև 14 տարեկան անչափահաս երեխաներ ունեցող, նախկինում չդատապարտված Հակոբ Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Գործով նախագահող դատավոր Արմեն Վարդապետյանը դատաքննության ժամանակ մերժել է ամբաստանյալի պաշտպան Արայիկ Ալվանդյանի խափանման միջոցը փոփոխելու մասին միջնորդությունը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net