Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալության կողմից «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՂԻՆ ԷՋԵՐ» բառակապակցությունը 2003թվականի հունիսի 18-ին գրանցվել է որպես «ՍՓՅՈՒՌ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` տեղեկատվության, գործարարության ասպարեզում, գովազդի, առևտրի, ինչպես նաև հրատարակչության ոլորտներում իր` «ՍՓՅՈՒՌ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործունեության իրականացման համար ապրանքային նշան /ապրանքային նշանի գրանցման համար` 7386/։
Համացանցի /ինտերնետի/ կայքը, որի միջոցով «ՈՒԹ ՅՈԹ ՅՈԹ ՈՒԹ ՏԵՂԵԿԱՏՈՒ»-ն՝ գործով պատասխանողը, անորոշ թվով անձանց, ըստ էության մատուցում է տեղեկատվական բնույթի ծառայություններ, մասնավորապես` հնարավորություն է ընձեռում փնտրել և գտնել կազմակերպությունների մասին հետաքրքրող տեղեկություններ, տվյալներ, ինչպես նաև ցանկության դեպքում, Կայքում գրանցել նոր կազմակերպությունների մասին համապատասխան տեղեկություններ և տվյալներ։
«ՀԱՅԱՍՏԱՆԻ» բառը և «ԴԵՂԻՆ ԷՋԵՐ» արտահայտությունն ինքնուրույն պահպանության օբյեկտներ չեն, բայց վերոնշյալ երեք բառերի անմիջականորեն իրար հաջորդող բառերի ամբողջական շարքը կազմում է «ՍՓՅՈՒՌ» ՍՊԸ-ի՝ հայցվորի գործունեության և ծառայությունների մատուցման ապրանքային նշաններից մեկը, որն էլ խստորեն պահպանվում և պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ։
www.yell.am հասցեում տեղակայված է «ՈՒԹ ՅՈԹ ՅՈԹ ՈՒԹ ՏԵՂԵԿԱՏՈՒ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Կայքի շրջանակի վերին մասում տեղակայված է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՂԻՆ ԷՋԵՐ, ԲԻԶՆԵՍ, ՏԵՂԵԿԱՏՈՒ-«ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ» բառախումբը։
Մասնավորապես, Internet Explorer և FireFox տիպի ինտերնետ-դիտարկիչների /broswer-ների/ միջոցով Կայքի դիտարկման ընթացքում բառախումբը երևում է դիտարկիչի ընդհանուր պատուհանի վերնամասում, ինչպես նաև դիտարկիչի տվյալ էջի պատուհանի վերնամասում։
Google Chrome տիպի ինտերնետ-դիտարկիչով Կայքի դիտարկման ընթացքում բառախումբը /բառախմբի սկզբնական հատվածը/ երևում է միայն դիտարկչի տվյալ էջի պատուհանի վերնամասում, իսկ մկնիկի սլաքը տեղափոխելով և պահելով այդ հատվածի վրա` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՂԻՆ ԷՋԵՐ, ԲԻԶՆԵՍ, ՏԵՂԵԿԱՏՈՒ-«ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ» բառախումբը հայտնվում է ամբողջությամբ։
Պատասխանողի կողմից տեղեկատվական բնույթի ծառայությունների մատուցման ողջ ընթացքը ուղեկցվում է բառախմբի ցուցադրմամբ, այդ բառախմբում առկա և անմիջականորեն իրար հետ համակցված ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՂԻՆ ԷՋԵՐ բառերի շարքը /բառակապակցությունը/ հանդիսանում է պատասխանողի կողմից www.yell.am կայքի միջոցով տեղեկատվական բնույթի ծառայություններ մատուցման ապրանքային նշանի օգտագործման ձև։
Համաձայն Օրենքի 17-րդ հոդվածի` /Ապրանքային նշանի օգտագործումը և այն չօգտագործելու հետևանքները/` ապրանքային նշանի օգտագործում է համարվում.
1) դրա զետեղումն այն ապրանքների վրա, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, կամ դրանց փաթեթավորման վրա.
2) դրա կիրառումը գովազդներում, հրատարակություններում, պաշտոնական ձևաթղթերում, ցուցանակներում միայն այն դեպքերում, երբ ապրանքների կամ դրանց փաթեթավորման վրա նշանի կիրառումն անհնար է.
3) սույն մասի 2-րդ կետում նշված գործողությունների կատարումը ծառայությունների համար։
Պատասխանողի կողմից օգտագործվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՂԻՆ ԷՋԵՐ» բառակապակցությունը ամբողջությամբ համընկնում է «ՍՓՅՈՒՌ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օրինական հիմունքներով պատկանող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՂԻՆ ԷՋԵՐ» ապրանքային նշանի հետ։
Դատարանը, հաշվի առնելով վերը նշվածը, «Սփյուռ» սահմանափկ պատասխանատվությամբ հայցը բավարարեց ամբողջությամբ՝
պարտադրելով պատասխանողին դադարեցնելու «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՂԻՆ ԷՋԵՐ» բառակապակցության /ներառյալ բառակապակցության ռուսերեն և անգլերեն լեզուներով թարգմանությունները/ օգտագործումը, ինչպես նաև «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՂԻՆ ԷՋԵՐ» բառակապակցությանը շփոթության աստիճանի նման հնարավոր այլ բառակապակցության /բառակապակցությունների/ հետագա /ներառյալ դրանց ռուսերեն և անգլերեն լեզուներով թարգմանությունները/ օգտագործումը կայքում։
Աղբյուրը՝ Իրավաբան.net