Կինը վտարվեց տնից

Հովհաննես Զաքարյանը հայց է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ընդդեմ Արաքսյա Ղուկասյանի` բնակարանից վտարելու պահանջի մասին:

Դիմելով դատարան՝ Հովհաննես Զաքարյանը հայտնել է, որ Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի 97-րդ հասցեում գտնվող բնակելի տունը և տնամերձ հողամասը սեփականության իրավունքով պատկանում է իրեն: Արաքսյա Ղուկասյանը իր անչափահաս երեխաների հետ բնակվում է վերոնշյալ բնակարանում: Բազմիցս անգամ պահանջել է պատասխանողից ազատել բնակարանը, սակայն վերջինս կամովին չի կատարում իր օրինական պահանջը:
Պատասխանող Արաքսյա Ղուկասյանը հայցի դեմ առարկել և հայտնել է, որ ինքը հայցվորի հետ չորս տարի գտնվել է փաստական ամուսնության մեջ, այդ իսկ պատճառով էլ հայտնվել է վերջինիս տանը, իր անձնական գումարներն է ներդրել՝ տան վրա կատարելով վերանորոգման աշխատանքներ: Եթե հայցվորը վերադարձնի իր գումարը, որը կազմում է 1.500 ԱՄՆ դոլար կամ բնակարան վարձի իր և երեխաների համար, ինքը կազատի վիճելի տունը:

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածը նշում է, որ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2008 թ. մարտի 18-ի ՍԴՈ-741 որոշման մեջ (կետ 6) արձանագրել է, որ, ՙՀայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը՚ դրույթի իրացումը երաշխավորվում է ինչպես Սահմանադրության այլ հոդվածներով (31, 42.1., 43, 44-րդ հոդվածներ, 83.5-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետեր, 89-րդ հոդվածի 3-րդ կետ, 105 եւ 105.1-րդ հոդվածներ), այնպես էլ Հայաստանի Հանրապետության մի շարք այլ իրավական ակտերով, որոնք կարգավորում են սեփականության իրավունքի իրացման հետ կապված հարաբերությունները սահմանելով սեփականության իրավունքի բովանդակությունը, սեփականության իրավունքի սուբյեկտներին, սեփականության իրավունքի սահմանափակումների թույլատրելի շրջանակները, սեփականության իրավունքն իրականացնելու և պաշտպանելու պայմանները և կարգը, գույքի նկատմամբ իրավունքներ ունեցող այլ անձանց շահերի պաշտպանության մեխանիզմները:
ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը, որը կոչված է պաշտպանել անձի սեփականության իրավունքը` սահմանում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը: Սահմանադրության տրամաբանությունը շարունակում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163 հոդվածի 1-ին մասը, որտեղ հստակ նշվում է, որ սեփականության իրավունքը` սուբյեկտի օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու իրեն պատկանող գույքը:
Սեփականատիրոջ իրավազորությունների մատնանշված եռամիասնականությունն ունի կարևոր նշանակություն: Այն ապահովում է իրի նկատմամբ սեփականատիրոջ լիակատար գերիշխանությունը, նրա և սեփականության ազատությունը:

Տնօրինման իրավազորությունը սեփականատիրոջ կողմից օրենքով նախատեսված շրջանակներում գույքի նկատմամբ իրավահարաբերություններ առաջացնելու, փոփոխելու կամ դադարեցնելու միջոցով, գույքի իրավական և փաստացի ճակատագիրը որոշելու իրավունքն է: Այս իրավազորությունն է, որ սեփականատիրոջը հնարավորություն է տալիս իր գույքը վաճառել, նվիրել, գրավ դնել և այլն:

ՀՀ հիմնական օրենքի` ՀՀ Սահմանադրության հետ միաժամանակ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի փոփոխված 11-րդ արձանագրությամբ սահմանվում է, որ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք:

Հաշվի առնելով վերը նշվածը և նկատի ունենալով, որ բնակարանի միակ սեփականատերը հանդիսանում է հայցվորը՝ դատարանը հայցը բավարարել է և Արաքսյա Ղուկասյանին վտարել ՀՀ Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 97 բնակելի տանից:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել