Ի՞նչ անել, եթե կասկածներ ունեք հարկադիր կատարողի անաչառության հետ կապված

Եթե առկա են հարկադիր կատարողի անաչառության վերաբերյալ կասկած հարուցող հանգամանքներ, ապա նա չի կարող մասնակցել կատարողական վարույթին, եթե առկա են նրա անաչառության վերաբերյալ կասկած հարուցող հանգամանքներ:

Հարկադիր կատարողի անաչառության վերաբերյալ կասկած հարուցող հանգամանքների առկայության դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել:

Նույն հիմքերով բացարկ կարող են հայտնել պահանջատերը և (կամ) պարտապանը:

Ինքնաբացարկը կամ բացարկը պետք է ներկայացվի գրավոր, լինի պատճառաբանված և հայտնվի կատարողական գործողություններն սկսելուց առաջ, բացառությամբ այն դեպքերի, երբ ինքնաբացարկի կամ բացարկի հիմքերի առկայությունը հայտնի է դարձել կատարողական գործողություններն սկսելուց հետո:

Հարկադիր կատարողի ինքնաբացարկի կամ բացարկի հարցը լուծում է հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի պետը:

Հարկադիր կատարողի ինքնաբացարկի կամ բացարկի հարցի քննության արդյունքներով հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման պետը կայացնում է որոշում և այն պատշաճ ձևով ուղարկում հարկադիր կատարողին ու դիմողին:

Ինքնաբացարկը կամ բացարկը մերժելու մասին հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման պետի որոշումը կարող է բողոքարկվել հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան` որոշումն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:

Հարկադիր կատարողի ինքնաբացարկի կամ բացարկի վերաբերյալ դիմումը բավարարելու դեպքում հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման պետը կատարողական թերթը հանձնում է մեկ այլ հարկադիր կատարողի:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել