Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչներ Արթուր Մխիթարյանը և նրա կինը՝ Մարիետա Մարտիրոսյանը, կանգնել են դատարանի առաջ:
Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ, իրար հետ նախնական համաձայնության գալով սոցիալական ծառայությունների Եղեգնաձորի տարածքային գործակալությունից խաբեության եղանակով կնոջ անվամբ ընտանեկան նպաստ ստանալու նպատակով, թաքցնելով համատեղ ապրելու, ինչպես նաև իր` Եղեգիս գյուղի միջնակարգ դպրոցում որպես պահակ աշխատելու, անասուններ և այլ գույք ունենալու հանգամանքները, 2006թ. նոյեմբերի 17-ին ձևական ամուսնալուծվել են, որից հետո Մարիետա Մարտիրոսյանը 2007թ. հունվարին, 25.01.2008թ., 21.01.2009թ., 28.07.2010թ. և 13.07.2011թ. դիմել է սոցիալական ծառայությունների Եղեգնաձորի տարածքային գործակալություն, ներկայաացրել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ:
Կինը հայտնել է, որ երկու երեխաների հետ բնակվում է առանձին և որևէ եկամուտ չունի, դրա հիման վրա 2007թ. փետրվարի 1-ից ընդգրկվել է նպաստառուների ցուցակում և նույն ժամանակից սկսած մինչև 2011թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ միասին ստացել և այդ եղանակով խարդախությամբ հափշտակել են խոշոր չափի` 1.209.000 ՀՀ դրամ ընտանեկան նպաստի գումար, որն օգտագործվել է ընտանիքի կարիքների համար:
Գործով մեղադրանք է առաջադրվել նաև Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի ղեկավար Մելիք Բաբագյուլյանին: Նա, անձնական շահագրգռվածությունից ելնելով, համագյուղացիների համակրանքը շահելու և նյութապես օգնելու նպատակով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:
Նա տեղեկացված լինելով, որ համագյուղացիներ, ամուսիններ Արթուր Մխիթարյանը և Մարիետա Մարտիրոսյանը բնակվում են միասին և վարում համատեղ կենցաղ, որպեսզի Մարիետա Մարտիրոսյանը կարողանա ընդգրկվել նպաստառուների ցուցակում և ընտանիքը ստանա ընտանեկան նպաստ, 15.01.2007թ., 18.01.2008թ., 20.04.2009թ., 28.07.2010թ. նրանց է տվել տեղեկանքներ այն մասին, թե իբր Մարիետա Մարտիրոսյանի ընտանիքը բաղկացած է միայն նրանից և 2 երեխաներից` դրանց մեջ չնշելով Մարիետա Մարտիրոսյանի` աշխատող և գույք ունեցող ամուսնու` Արթուր Մխիթարյանի մասին, հիշյալ տեղեկանքների հիման վրա էլ Մարիետա Մարտիրոսյանը 2007թ. փետրվարի 1-ից ընդգրկվել է նպաստառուների ցուցակում և նույն ժամանակից սկսած մինչև 2011թ. փետրվար ամիսը ներառյալ ամուսնու հետ ստացել են 1.057.000 ՀՀ դրամ գումարի ընտանեկան նպաստ:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Մելիք Բաբագյուլյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է 1.057.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Բացի այդ, Մելիք Բաբագյուլյանը խորհուրդներ տալու և խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է նույն Մարիետա Մարտիրոսյանի և Արթուր Մխիթարյանի կողմից նախնական համաձայնությամբ խմբով խարդախություն կատարելուն: Այն է` որպեսզի անձնագրային բաժանմունքի կողմից տրված տեղեկանքներում Արթուր Մխիթարյանի տվյալները չերևան և ամուսինները կարողանան շարունակել ստանալ ընտանեկան նպաստը, 27.07.2010թ. ՀՀ ոստիկանության ԱՎՎ Եղեգնաձորի անձնագրային բաժանմունքում տվել է իր համաձայնությունը, ինչի հիման վրա Արթուր Մխիթարյանը հաշվառվել է Մելիք Բաբագյուլյանին պատկանող Եղեգիս գյուղի Կենտրոնական փողոցի թիվ 32 հասցեում և այդ կերպ խոչընդոտը վերացնելով, իր օժանդակությամբ Մարիետա Մարտիրոսյանը 2011թ. մայիսի 1-ից մինչև 2011թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ստացել և այդ եղանակով Արթուր Մխիթարյանի հետ միասին խարդախությամբ հափշտակել են զգալի չափի` 152.000 ՀՀ դրամ ընտանեկան նպաստի գումար:
Տեղեկացնենք, որ բացի այդ դեպքից, Մելիք Բաբագյուլյանը կատարել է պաշտոնեական նաև այլ կեղծիքներ: Այն է` տեղեկացված լինելով, որ համագյուղացիներ Արմեն Վարդանյանը, վերջինիս կինը` Մանուշակ Ոսկանյանը, և մայրը` Նուշիկ Փանոսյանը, բնակվում են միասին և վարում համատեղ կենցաղ, որպեսզի Արմեն Վարդանյանը և Մանուշակ Ոսկանյանը կարողանան ընդգրկվել նպաստառուների ցուցակում և ընտանիքը ստանա ընտանեկան նպաստ, 04.09.2002թ., 17.03.2003թ., 22.09.2003թ., 22.03.2004թ., 29.03.2005թ., 20.03.2006թ., 22.03.2007թ., 11.03.2008թ., 18.03.2009թ., 16.10.2010թ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մկրտիչ Շմավոնյանի միջոցով կազմել և նրանց է հանձնել կեղծ փաստաթղթեր` տեղեկանքներ այն մասին, թե իբր Արմեն Վարդանյանի և Մանուշակ Ոսկանյանի ընտանիքը բաղկացած է միայն նրանցից և երեխաներից` դրանց մեջ չնշելով Արմեն Վարդանյանի` աշխատող և գույք ունեցող մոր` Նուշիկ Փանոսյանի մասին, հիշյալ տեղեկանքների հիման վրա էլ Արմեն Վարդանյանը և Մանուշակ Ոսկանյանը 2002թ. նոյեմբերի 1-ից ընդգրկվել է նպաստառուների ցուցակում և նույն ժամանակից սկսած ստացել են ընտանեկան նպաստ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net