Անձի հարկադիր բուժման կարգը

Քաղաքացու` հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման վերաբերյալ դիմում տալու իրավունք ունի այն հոգեբուժական հաստատության տնօրինությունը, որում բուժվում է քաղաքացին: Դիմումը տրվում է այդ հոգեբուժական հաստատության գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան:

Դիմումին կցվում է հոգեբուժական հաստատությունում անձի հետագա գտնվելու անհրաժեշտության վերաբերյալ բժիշկ-հոգեբույժների հանձնաժողովի պատճառաբանված եզրակացությունը:

Քաղաքացու հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման վերաբերյալ դիմումը տրվում է քաղաքացուն հոգեբուժական հաստատությունում տեղավորելու պահից 72 ժամվա ընթացքում:

Դատավորը, հարուցելով գործը, դիմումը դատարանում միաժամանակ քննելու համար անհրաժեշտ ժամանակահատվածով երկարաձգում է հոգեբուժական հաստատությունում քաղաքացու գտնվելու ժամկետը:

Քաղաքացու` հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման վերաբերյալ դիմումը դատավորը քննում է գործը հարուցելու օրվանից հինգ օրվա ընթացքում:

Քաղաքացին իրավունք ունի մասնակցել դատական նիստին: Եթե հոգեբուժական հաստատությունից ստացված տեղեկությունների համաձայն անձի հոգեկան վիճակը թույլ չի տալիս նրան մասնակցել դատական նիստին, ապա դատավորը դիմումը քննում է հոգեբուժական հաստատությունում:

Դիմումի քննությանը պարտադիր է այն հոգեբուժական հաստատության ներկայացուցչի, որի նախաձեռնությամբ գործ է հարուցվել, ինչպես նաև այն անձի ներկայացուցչի մասնակցությունը, որի նկատմամբ լուծվում է բուժման հարցը:

Եթե անձի ներկայացուցիչը դիմումի քննությանը չի մասնակցում դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով, կամ անձը ներկայացուցիչ չունի, ապա դիմումի քննությանը պարտադիր է այդ անձի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի, իսկ բնակության վայրը անհայտ լինելու դեպքում` հոգեբուժական հաստատության գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի մասնակցությունը։

Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է վճիռ, որով մերժում կամ բավարարում է դիմումը:

Դիմումը բավարարելու վերաբերյալ վճիռը հիմք է քաղաքացուն հոգեբուժական հաստատությունում հարկադիր բուժման ենթարկելու համար:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել