Կոտայքի մարզի բնակիչ Ռազմիկ Միրոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ.սեպտեմբերի 25-ին` ժամը 11:30 սահմաններում, չունենալով վարորդական իրավունքի վկայական վարել է տեխնիկապես խոտանված «Երազ» մակնիշի առանց պ/հ-ի ավտոմեքենան և Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 9-րդ փողոցից Մրգաշեն-Քանաքեռավան գլխավոր ճանապարհ մուտք գործելիս խախտել է ՃԵԿ-ի 96 կետի պահանջները:
Նա իր ընթացքի համար «Զիջեք ճանապարհը» առավելության ճանապարհային նշանի առկայության պայմաններում, ճանապարհը չի զիջել գլխավոր ճանապարհով ընթացող Մհեր Ենոքյանի կողմից վարած «Ֆոկս -վագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենային և ստեղծել վթարային իրադրություն: Արդյունքում «Ֆոկս -վագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Երազ» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով անզգուշությամբ «Ֆոկս -վագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լեռնիկ Ենոքյանի առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:
Ռազմիկ Միրոյանը կատարել է հանցագործություն նախատեսված ՀՀ Քր. օր.-ի 242 հոդվածի 1-ին մասով` ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net