Որակավորման ստուգման գրավոր քննություն` դատավորների թեկնածությունների ցուցակը համալրելու համար

Դատավորների թեկնածությունների ցուցակի վարչական մասնագիտացմամբ բաժինը համալրելու նպատակով Հայաստանում Ֆրանսիական համալսարանում մարտի 4-ին կայացավ արտահերթ որակավորման ստուգման գրավոր քննություն:Մասնակցում էին դատական ծառայողներ, փաստաբաններ և այլ իրավաբաններ: ՀՀ դատական դեպարտամենտի փոխանցմամբ` գրավոր քննությանը մասնակցելու հայտ էին ներկայացրել 70 հավակնորդ:

Որպես առաջադրանք ստուգման գրավոր քննության համար մասնակիցներին հանձնարարվեց լուծել հանրային իրավահարաբերություններից բխող երկու խնդիր, որի լուծման արդյունքում պետք է կայացնեն «դատական ակտ» պահպանելով դատական ակտի համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր պահանջները:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ, Դատական դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ով մասնավորապես հայտնեց, որ քննության համար նախատեսված է 6 ժամ, որի ընթացքում մասնակիցներն իրենց պետք է պատկերացնեն դատավորի դերում: Երվանդ Խունդկարյանն ամփոփելով ելույթը հաջողություն մաղթեց քննության մասնակիցներին:

Դատական դպրոցի կառավարման խորհրդի որոշմամբ կազմավորվում է ստուգման և գնահատման հանձնաժողով որակավորման ստուգման անցկացման նախորդ օրվանից ոչ ուշ: Հանձնաժողովը բաղկացած է երեք դատավորից, որի աշխատանքն իրականացվում է գաղտնի և դռնփակ ընթացակարգով:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` հավակնորդի գրավոր աշխատանքը ստուգելիս և գնահատելիս, հանձնաժողովը ղեկավարվում է հետևյալ չափանիշներով` հավակնորդի իրավական գիտելիքներ, վերլուծական միտք, իրավաբանական գրավոր խոսքի սահունություն, քննական խնդրի լուծում (դատական ակտի եզրափակիչ մասի տրամաբանական շաղկապվածությունը վերլուծական մասի հետ): Գրավոր աշխատանքի յուրաքանչյուր խնդիր գնահատվում է 100 միավոր համակարգով: Հանրագումարային միավորը հաշվարկվում է գրավոր քննության յուրաքանչյուր խնդրի համար ստացած գնահատականի գումարմամբ:

 

Լուսանկարը` dataran.am

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել