3 օպերլիազորներ մեղադրվում են կաշառք ստանալու համար

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Էդուարդ Զ.-ի, Գևորգ Գ.-ի, Վաղինակ Վ.-ի, Գևորգ Մ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Էդուարդ Զ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շորթմամբ պահանջել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, որն արտահայտվել է հետևյալում. Էդուարդ Զ.-ն, աշխատելով ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի ավագ օպերլիազորի պաշտոնում և հանդիսանալով պաշտոնատար անձ, 2012թ. դեկտեմբերի 12-ին` ժամը 11-ի սահմաններում, թմրանյութ օգտագործելու կասկածանքով նույն վարչության աշխատակիցներ Գևորգ Գ.-ի և մյուսների հետ Երևան քաղաքի Ֆուչիկի 19 հասցեից բերման են ենթարկել Արտաշատ քաղաքի բնակիչ Դավիթ Եդիգարյանին:

Գևորգ Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շորթմամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերի կաշառք, որն արտահայտվել է հետևյալում. Գևորգ Գ.-ը, աշխատելով ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի օպերլիազորի պաշտոնում և հանդիսանալով պաշտոնատար անձ, 2012թ. դեկտեմբերի 12-ին ժամը 11-ի սահմաններում, թմրանյութ օգտագործելու կասկածանքով նույն վարչության աշխատակիցներ Էդուարդ Զ.-ի և մյուսների հետ Երևան քաղաքի Ֆուչիկի 19 հասցեից բերման են ենթարկել Արտաշատ քաղաքի բնակիչ Դավիթ Ե.-ին:

Վաղինակ Վ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շորթմամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերի կաշառք, որն արտահայտվել է հետևյալում. Վաղինակ Վ.-ը, աշխատելով ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի պետի պաշտոնում և հանդիսանալով պաշտոնատար անձ, 2012թ. դեկտեմբերի 12-ին թմրանյութ օգտագործելու կասկածանքով նույն վարչություն բերման ենթարկված Դավիթ Ե.-ից շորթմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության է եկել հիշյալ բաժանմունքի ավագ օպերլիազոր Էդուարդ Զ.-ի և օպերլիազոր Գևորգ Գ.-ի հետ: Իրենց պաշտոնեական լիազորությունների շրջանակում Դավիթ Ե.-ին պատասխանատվության չենթարկելու, վերջինիս տոքսիկաքիմիական փորձաքննության չներկայացնելու նպատակով և նրա համար այլ անբարենպաստ հետևանքներ չառաջացնելու սպառնալիքով, խմբի հանցավոր մտադրությունն ի կատար ածելու համար Էդուարդ Զ.-ը 2012թ. դեկտեմբերի 12-ին Երևան քաղաքի վարչության վարչական շենքի մոտ միջնորդի` Գևորգ Մ.-ի միջոցով Դավիթ Ե.-ից ու վերջինիս բարեկամ Խաչատուր Մ.-ից պահանջել է 1.217.940 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Գևորգ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կատարել է կաշառքի միջնորդություն:

Գործով երեք մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ Գևորգ Մ.-ից վերցվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Գործով մեղադրանքը պաշտպանվում է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել